Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում կամ ոչնչացնում են հայկական հուշարձանները, կամ ներկայացնում իբրեւ ալբանական». Լուսինե Ղարախանյան

Ապրիլ 27,2021 15:18

Արցախի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը Մատենադարանում կայացած «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովին նվիրված ասուլիսում նշեց, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, կեղծարարության, նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է տարվում:

Նա որոշ թվեր ներկայացրեց` նշելով, որ այս պահին վտանգված է թշնամու վերահսկողության տակ գտնվող, նրա կողմից բռնազավթված տարածքների պատմաճարտարապետական, պատմաբնագիտական շուրջ 2000 հուշարձանների ճակատագիրը` արգելոցներ, հուշարձաններ, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ եւ այլն:

«127 դպրոցական գրադարաններ`617000 գրքով մնացել են բռնազավթված տարածքներում, նաեւ 3 շրջանային գրադարան` 68398 գրքային ֆոնդով, 10 պետական, 2 մասնավոր թանգարաններ, որոնց հիմնական եւ գիտաօժանդակ ֆոնդում պահպանվում էր շուրջ 20345 ցուցանմուշ, այդ թվում Հադրութի` Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, որտեղ 7680 ցուցանմուշ կար, նաեւ Արթուր Մկրտչյանի անձնական իրերն էին, Մեծ թաղերի Խանփերյանցի անվան թանգարանը եւս ` 2195 ցուցանմուշով»,-շեշտեց նա:

RA Deputy Minister of ESCS Ara Khzmalyan, Minister of Education and Science of Artsakh Lusine Gharakhanyan and head of the ‘ICOMOS Armenia’ center Gagik Gyurjyan give a press conference on the topic of ‘Artsakh’s Endangered Heritage: A Challenge Hub’ in Matenadaran

Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարը նշեց, որ ի թիվս այլնի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում է հայտնվել նաեւ Շուշի քաղաքի պատմության թանգարանը, պրոֆեսոր Գաբրիելյանի անվան երկրաբանական թանգարանը, Կերպարվեստի պետական թանգարանը եւ այլ թանգարաններ ու արժեքներ:

Նախարարը հավելեց, որ պատերազմի ընթացքում հասցրել են տարհանել որոշ հավաքածուներ` Շուշիից, սակայն այնտեղ մնացել են Պատկերասրահը, Պատմության թանգարանը, Գորգերի թանգարանի պահոցը: «Տիգրանակերտի պատմահնագիտական պետական արգելոց-թանգարանը եւս թշնամու վերահսկողության տակ է: Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, ու դեռեւս հայտնի չէ, թե այն համարվելո՞ւ է մերը: Տողի մելիքական ապարանքը եւս պատմամշակութային արգելոց է, եւ այնտեղ Մելիք Եգանի ընդունարանը վերականգնված էր, իսկ ապարանքի տարածքում պեղումների ընթացքում շատ արժեքավոր ցուցանմուշներ էին հայտնաբերվել, որոնք մնացել են այնտեղ:

Այսօր Ադրբեջանի կողմից 2 ուղղությամբ է արշավը` մի դեպքում ուղղակի հուշարձանների ոչնչացումն է, երբ վտանգված են հզոր քաղաքակրթական արժեք ներկայացնող հուշարձաններ, երկրորդն էլ այն է, որ Ադրբեջանը մեր հուշարձանները ներկայացնում է որպես ալբանական: Իմ համոզմամբ, մենք ունենք լավ գիտական, պատմական նյութ, ինչը պետք է գրագետ քարոզվի բոլոր տեղեկատվական հարթակներով, որպեսզի հուշարձաններ կարողանանք վտանգից փրկել»,-ասաց Լուսինե Ղարախանյանը:

Արցախի նախարարը նաեւ հիշեցրեց. «Դեկտեմբերի 21-ին նախատեսված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների այցը Արցախ` մոնիտորինգի համար, սակայն Ադրբեջանը խաթարել է այն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930