Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով առավելագույն կերպով ուշադիր լինել՝ չխորացնելու և չբազմապատկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև առանց այն էլ խորը դժգոհությունները:
Այս համատեքստում հանձնակատարը մտահոգություն է հայտնել Բաքվում վերջերս բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ, որտեղ ցուցադրված են պատերազմի ընթացքում ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան, ինչպես նաև անմարդկային տեսարաններ, այդ թվում` զոհված և մահացող հայ զինվորների պատկերող մոմե մանեկեններ: «Ես համարում եմ, որ նման պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են, – ասվում է նամակում: -Այս տեսակի ցուցադրումը կարող է միայն ավելի սրել և ուժեղացնել երկարամյա թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը և բազմապատկել ու խթանել անհանդուրժողականության դրսևորումները»:
Հետևաբար, նա կոչ է արել Ալիևին վճռական դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը կարող է հանգեցնել թշնամանքի կամ ատելության, փոխարենը լիարժեք աջակցություն (այդ թվում քաղաքական) ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակչության միջև հաշտեցման և խաղաղության խթանմանը, մասնավորապես, նկատի ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը:
Կարդացեք նաև
Հանձնակատարը նամակը եզրափակել է` հաստատելով իր հասանելիությունն ու պատրաստակամությունը՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնելու Ադրբեջան՝ պայմանով, որ համաձայն իր մանդատի` ինքը հնարավորություն ունենա մուտք գործել մարդու իրավունքների նշանակության բոլոր վայրեր՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: CommDH(2021)14_Letter to President of Azerbaijan_EN.docx
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ