«Երբ Փաշինյանն ասում է, որ շարունակում է լինել վարչապետի պաշտոնակատար, ինչպես իրավաբաններն են ասում՝ մի քանի քրեական հոդված է ավելացնում իր վրա։ Նա իրավունք չունի լինել վարչապետ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը` անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, սակայն համարվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը թողեց վարչապետի պաշտոնը, չասաց, որ հրաժարական է տալիս։ Իսկ Նիկոլն ասում է, որ հրաժարական է տալիս, հետո ասում, թե շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները։ Նա է խանգարվա՞ծ, թե՞ ժողովրդին է գժի տեղ դնում։ Ամենացավալին այն է, որ ընդդիմադիրներից որեւէ մեկը սրա դեմը չի առնում։ ԼՀԿ ղեկավարը կեղծելով իրականությունն, ասում է, թե 2018թ․-ին նման բան եղավ, հիմա էլ իներցիայի ուժով է դա լինում։ Նման բան չի եղել։ Չի կարելի մարդկանց «ֆռռացնել»,-նշեց Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով՝ ԼՀԿ-ն այս իրավիճակում նպատակ ունի․ «Ենթադրում եմ, որ մի քանի տոկոս ձայն հավաքելու խոստում են ստացել Փաշինյանից։ Ընտրությունների թվերը վստահաբար նկարվելու են, նա խոստացել է ԼՀԿ-ին եւ պայմանավորվածություն ունի, ենթադրում եմ, նաեւ ԲՀԿ-ի հետ։ Եթե բոլորն ականջները կախ թելում են Փաշինյանի ասեղը, ուրեմն այս դավադրության վկան են ու մասնակիցը, մեղավորը։ Եթե այդպես է, հասարակությունն արժանի է այս քաղաքական ուժերին։ Սա բոլորիս ամոթն է»։
Մարգարիտ Եսայանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն առանց արյունահեղության իշխանությունը չի թողնի․ «Չեմ բացառում, որ առճակատումները կհասնեն քաղաքացիական բախումների։ Երբ Նիկոլը հասկանա, որ իշխանությունը գնում է իր ձեռքից, կդիմի նման քայլերի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ