«Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ: Իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան՝ թույլտվությունը կասեցվել է: Կշտկեն՝ կվերանայենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Թե խոսքը ինչ խախտումների մասին է՝ ՊԵԿ նախագահը մասնավորեցրեց. «Մի շարք պահանջներ կան, օրինակ, ռենտգեն սարքավորումների առկայությունը: Կոնկրետ տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի աշխատել»:
Մյուս մաքսային պահեստներում նույնպես խնդիրներ են առաջացել, ժամանակ են տվել, որ խախտումները վերացնեն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սյունիքի նախկին մարզպետի կինը գտնվե՞լ է ՊԵԿ քննչականում, ի՞նչ գործի շրջանակներում է դա եղել՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այո, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է»:
Կարդացեք նաև
Թե որ գործի շրջանակներում է՝ պարոն Հովհաննիսյանը չասաց՝ հորդորելով դիմել նախաքննական մարմիններին: Չնայած սա որակվում է որպես քաղաքական ճնշում, ՊԵԿ նախագահն ասաց, որ քաղաքական ճնշում չի կարող դա որակվել, քանի որ նա ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ առանձին «ինքնուրույն սուբյեկտ է եւ առանձին կազմակերպաիրավական միավոր» է. «Բոլոր համընկնումները հասարակությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո: Իսկ նախկինում տեղեկություններ ունե՞ք՝ հրավիրվե՞լ են նշված անձինք հարցաքննությունների, թե՞ ոչ: Նախկինում էլ հրավիրվել են: Ինչո՞ւ պիտի տեղեկացնեինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ