Լրատվամիջոցներում և սոցցանցերում ապրիլի 26-ին տարածվեցին լուրեր, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները և հանել դարպասի խաչը։
Մասնավորապես, տարածված տեսանյութում և նկարներում երևում է, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են կատարում եկեղեցու շուրջը, իսկ եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների քանդակներն ու խաչը բացակայում են:
Նյութը արտատպել էին Hraparak.am-ը, Panorama.am-ը, Aysor.am-ը, Irakanum.am-ը, 7or.am-ը և այլ կայքեր:
Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» ունեցած տվյալները փաստում են, որ եկեղեցու հրեշտակների քանդակները 2020 թ. նոյեմբերին արդեն չկային:
Կարդացեք նաև
Քանդակները վնասվել էին դեռ հոկտեմբերի 8-ին
Այսպես, Fip.am-ի լրագրողները 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց եկեղեցու առաջին հրթիռակոծումից հետո, այցելել էին Շուշի: Նկատելի էր, որ առաջին հարվածից հետո արդեն հրեշտակները զգալիորեն վնասվել էին, սակայն տեղում էին:
Հոկտեմբերի 13-ին Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի էր այցելել Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Սրբազանի ֆեյսբուքյան էջով տարածված այս հաղորդագրությանը կցված էին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ հրեշտակներից մեկը վնասված է և տեղադրված է դարպասի մոտ:
Հոկտեմբերի 24-ին, երբ դեռ ընթանում էր պատերազմը, Ղազանչեցոցում տեղի ունեցավ պսակադրություն, որը լայնորեն լուսաբանվեց արտասահմանցի և տեղի լրագրողների կողմից: Արարողությունը պատկերող կադրերում պարզ երևում են Ղազանչեցոցի դարպասները՝ առանց հրեշտակների:«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները նոյեմբերի 3-ին կրկին այցելել էին Շուշի: Եկեղեցու դարպասների վրա հրեշտակներն այլևս չկային:
Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Անդրեաս քահանա Թավադյանը հաստատում է
Fip.am-ը կապ հաստատեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր առաջնորդ տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ, որը նշեց, որ հրեշտակների քանդակներն ընկել էին դեռևս հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանցիների կողմից եկեղեցու երկրորդ հրթիռակոծությունից հետո: Նա պատմեց, որ քանդակները քարից չէին պատրաստված և փխրուն լինելու պատճառով ադրբեջանական առաջին հարվածից հետո զգալիորեն վնասվել էին, երկուսի գլուխներն էլ ջարդվել էին, իսկ երկրորդ հարվածից հետո՝ ընկել: Դրանից հետո արձանները դրել էին պատի տակ, իսկ վերականգնել դրանք այլևս հնարավոր չի եղել:
Անդրադառնալով Ղազանչեցոցի շուրջը ծավալվող շինարարական աշխատանքներին՝ տեր հայրը նշեց, որ անհասկանալի է, թե ինչ են անում ադրբեջանցիները. «Իսկ այն մասում, որ խարաչոներ են (շինարարական աստիճաններ,- խմբ.) դրված, էնտեղ մենք քանդակ չունենք: Ես էլ տեսա այդ նկարները, զարմանում եմ ուղղակի. ի՞նչ կա էնտեղ, որ կապել են: Թե՞ ինչ-որ բան են ուզում քանդակել, թե՞ գործ են անում… բայց, համենայն դեպս, հասկանալի չէ՝ էնտեղ ինչ են անում: Դե, տա Աստված, վատ բան չանեն»:
Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, պատերազմից անմիջապես հետո ցանկություն էր հայտնել այցելել Ադրբեջանի վերահսկողության անցած տարածքներ՝ դաշտային աշխատանքներ կատարելու և մշակութային կառույցների պահպանության և վերականգնման նպատակով: Սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տվել նրանց մուտքը։
Նշենք, որ Շուշիում և, առհասարակ, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հուշարձանները թիրախավորվել են ադրբեջանական զինվորականների կողմից: Fip.am-ն արդեն իսկ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո վանդալիզմի ենթարկված հայկական հուշարձաններին։
Այսպիսով, տեղեկությունները, թե ադրբեջանցիները քանդել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների քանդակները և հանել դարպասի խաչը, մասամբ է ճիշտ: Խաչն իսկապես ապամոնտաժվել է, իսկ հրեշտակներն ընկել էին դեռևս հոկտեմբերի 8-ին՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով:
Լուսինե ՈՍԿԱՆՅԱՆ
Փաստերի ստուգման հարթակ
Before and after #AzerbaijaniAggression. pic.twitter.com/uuWPjMgW1j
— Karabakh Records (@KarabakhRecords) April 26, 2021