Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի «ազգային կենսունակ պետություն կերտենք, ավելի արժանապատիվ ապրենք». «5165 շարժումը» կուսակցություն դառնալու հավակնություն չունի. «Հրապարակ»

Ապրիլ 27,2021 11:12

Երեկ տեղի է ունեցել Կարին Տոնոյանի «5165» նախաձեռնության հիմնադիր համագումարը։

Մեզ հետ զրույցում Գեւորգ Թամամյանն ասաց․ «Իմ անդամագրվելու ամենագլխավոր պատճառն այն է, որ այն իրավիճակը, որ այսօր տեսնում եմ, ինձ բնավ չի բավարարում, այսինքն՝ ժողովրդին դրել են երկընտրանքի առաջ․ ընտրել այն ուժերին, որոնք երկիրը հասցրել են այս օրվան, եւ ես համոզված եմ, որ մենք կարող ենք համախմբել երկրի առողջ ուժերին եւ նաեւ հաշտության հարթակ դրանով ստեղծել, ինչը կնպաստի երկրի հետագա զարգացմանը՝ իմ համոզմամբ»։ Այսինքն՝ հետագայում կուսակցություն դառնալու ծրագրե՞ր ունեն։ «Շարժումը կուսակցություն դառնալու հավակնություն չունի, շարժումն իր մեջ արդեն միավորում է․․․ կա կուսակցություն, որ միացել է, կան կազմակերպություններ, շարժումն ավելի մեծ գաղափար ունի»,- պատասխանեց Թամամյանը։

Խոսեցինք նաեւ Հովհաննես Ղազարյանի հետ․ ինչպե՞ս է ստացվել, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը թողնելուց հետո անդամակցել է Կարին Տոնոյանի նախաձեռնությանը՝ ընդդիմադիր քաղաքական հայացքնե՞ր է որդեգրել։ ««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում աշխատելը քաղաքական դիրքորոշում չէ, ես ծրագրեր եմ ներկայացրել եւ աշխատանքի եմ անցել որպես պրոֆեսիոնալ եւ ոչ թե քաղաքական գործիչ, դա իմ քաղաքական հայացքների հետ կապ չի ունեցել։ Իհարկե, չեմ թաքցնում, որ փորձել եմ ամեն ինչ անել, որ ստացվի, լավ ծրագրեր ունենա, բայց ոչ թե քաղաքական թիմի համար, այլ առհասարակ մեր հասարակության համար»։ Իսկ ի՞նչ գործունեություն է իրականացնելու «5165» նախաձեռնությունում։ «Օգնելու եմ հիմնականում ծրագրային մասով՝ ընդհանուր ծրագրային դրույթներ եւ շատ ավելի կոնկրետ պրոյեկտային մակարդակի ծրագրեր»։

Մենուա Սողոմոնյանին էլ հարցրինք՝ այդ 7 կետից բաղկացած նպատակներին ի՞նչ մեխանիզմներով են հասնելու։ «Եկեք մի կարեւոր բան ֆիքսենք, որ նախաձեռնության հիմքում չտեսնենք միայն քաղաքականությունը։ Իհարկե, շարժման նպատակներն այնպիսին են, որ ենթադրվում է, որ ազդեցություն պետք է լինի քաղաքական որոշումների վրա, բայց այդ ամենը պետք է ավելի լայն համատեքստում նայենք։ Այսինքն՝ կարող են լինել տարբեր տիպի ծրագրեր, որոնք, օրինակ, որոշումների կայացման համար հենքեր են ապահովել։ Այսինքն՝ ճիշտ չի լինի, որ ես ասեմ, թե մեխանիզմները սրանք են կամ այս մյուսները։ Շարժումը նաեւ ենթադրում է, որ մասնագիտական խմբեր են լինելու, աշխատելու են ոլորտային ռազմավարություններ մշակելու վերաբերյալ։ Ձեր ասած մեխանիզմները դիտում ենք նաեւ ոլորտային հայեցակարգեր, ռազմավարություններ մշակելու համատեքստում»։ Իսկ նա նախաձեռնությանը միացել է, որպեսզի «ազգային կենսունակ պետություն կերտենք․․․ ավելի արժանապատիվ ապրենք»։

«Ես շուտով 40 տարեկան կդառնամ, նախկինում շատ հնարավորություններ են եղել ավելի հանրային եւ հրապարակային գործունեություն իրականացնելու, բայց չեմ արել։ Հիմա անձնական մակարդակի է հասել շահագրգռվածությունը, որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինձ հիմա շատ վատ եմ զգում, շատ նսեմացած եմ զգում եւ ես զավակներ ունեմ, որոնք երբ մի քիչ մեծանան, չեմ կարող պատասխան տալ, թե ես եթե ունեցել եմ ռեսուրս, կապեր, որոշակի չափով ճանաչում, հարգանք, ինչո՞ւ չեմ մասնակցություն ունեցել․․․ այդ հարցերի պատասխանը ես չեմ կարող տալ»։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա «էս ընտրությունը մեզ համար գերնպատակ չէ, կմասնակցե՞նք, կհարե՞նք՝ չգիտեմ, դա դեռ մենք պետք է որոշենք․․․»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930