Ադրբեջանի դեմ մղված 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս, Էդգար Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունից զանգել եւ ասել են, որ նա վիրահատության համար պետպատվերի իրավունք չունի։
«Էսօր ինձ զանգում են Առողջապահության նախարարությունից ու ասում են դուք վիրահատության համար պետ. պատվերի իրավունք չունեք, ու 2-րդ՝ արդեն վիրահատվել եք, «էլ ինչ եք ուզում»: Ուրեմն կրկին ասեմ` շնորհակալ եմ բժիշկ Արման Պարգեւի Հակոբյանին եւ Տաթեւիկ Պապիկյանին ու ողջ Նաիրի բ/կ-ի անձնակազմին` ինձ անհարմարություն Չ’պատճառելու համար։ Հա ու նշեմ. ես իրենց ասած «փաստաթղթայինն» էլ ունեմ, որ վնասվածքը ստացել եմ ծառայության (պատերազմի) ընթացքում։ Ուղղակի նախարարության այդ «աշխատակցի» անունը չիմացա, բայց շատ կուզենայի գտնեի իրան: Կից ներկայացնում եմ մերժման պատճառը»,-գրել է Էդգար Մարկոսյանը՝ կից հրապարակելով վնասվածքը ծառայության (պատերազմի) ընթացքում ստանալը հաստատող փաստաթուղթը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանելով՝ վստահեցրեց, որ տեղի ունեցածը սխալմունք է եւ որ Էդգար Մարկոսյանը կվիրահատվի պետական պատվերով՝ անվճար: Խոսնակը նշեց, որ նախարարի անհատական հրամանը ընթացքի մեջ է, պարզապես երիտասարդին սխալ տեղեկություն է փոխանցվել եւ շփոթություն է առաջացել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Էդգար Մարկոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 4-ի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել: Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել էր 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: