Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը ճանաչվել է, բայց զոհերի վերապրած ցավը երբեք չի վերանա. Ստեֆեն Սմիթ. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 27,2021 10:05

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Shoah հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆեն Սմիթն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Անշուշտ, շատ կարևոր օր է այսօր: Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջապես ճանաչեց հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասում է UNESCO-ի ցեղասպանության կրթության գծով ղեկավար, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆեն Սմիթը՝ շեշտելով, որ այս ճանաչումը ոչինչ չի փոխում, քանի որ այն ինչ տեղի էր ունեցել 1915 թ.-ին ցեղասպանություն էր և այդպիսին էր շարունակում լինել վերջին հարյուր վեց տարվա ընթացքում: Նա ցավով է արձանագրում, որ ԱՄՆ-ին հարյուր վեց տարի էր անհրաժեշտ ցեղասպանությունը ճանաչելու համար.

«Դա շատ ամոթալի է փաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, սակայն լավ է, որ առնվազն այն ճանաչվել է այժմ»,- նշում է Սմիթը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունից հետո, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները դառնում են բոլորի համար քաղաքական քննարկման նյութ, իսկ զոհերը, նրանց կյանքը, նրանց ընտանիքները և երեխաները՝քաղաքական գործընթացի մի մաս:

«Դա որևէ կապ չունի նրանց վերապրածի, այդ ժամանակ իրենց վերապրած մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև սերունդներին փոխանցվող տրավմայի հետ»,- նշում է նա:

Նրա կարծիքով՝ անգամ այժմ ցեղասպանություն բառի կիրառումը ուշացած է: Այն ավելի շուտ քաղաքական բնույթի եզր է, քան անձի վերապրածին վերաբերող հուզական խոսք: Ըստ նրա, ճանաչումը չի բխում զոհերին կամ համայնքին կարեկցելու ցանկությունից: Այն, փաստորեն, քաղաքականացվել է չափազանց երկար ժամանակ և այս պահի դրությամբ փոխհատուցման վճարի մասին խոսելն անհնար է, կարծում է Սմիթը:

«Այն կարող է փոխել քաղաքական լանդշաֆտը, սակայն կասկածում եմ, որ փոխի իրավականը: Այդ դեպքերից անցել է մեկ դար: Այս պահին գրեթե անհնար է խոսել հատուցման մասին: Եվ, իհարկե, չկա Թուրքիայի կառավարության համաձայնությունը»,- շեշտում է Սմիթը:

Նա ընդգծում է, որ թուրքական կողմը կտրականապես դեմ է ցեղասպանության ճանաչմանը, ուստի բարդ է այսօր խոսել որևէ իրավական գործողության մասին:

Նա այցելել է Թուրքիա, ուր մասնակցել է Ստամբուլում անցկացվող գիտնականների համաժողովին: Ըստ Սմիթի՝ Թուրքիայում գիտնականների կամ հանրային շրջանակում առկա է ընկալում, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում էր: Ըստ նրա՝ մի գուցե ոչ բոլորն են այնտեղ համաձայն ցեղասպանություն սահմանման հետ, բայց տեղյակ են, որ հայկական համայնքը բնաջնջվել է: Նա ընդգծում է, որ կան շատ համարձակ ու խելացի գիտնականներ ու ուսուցիչներ, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում, սակայն դա ունենում է ծանր հետևանքներ նրանց համար, իսկ երբեմն նրանք ստիպված են լինում վճարել շատ բարձր գին: Նրա կարծիքով՝ պատմությունը նրանց կողքին է, քանի որ Հայոց ցեղասպանության փաստերն, ի վերջո, անհերքելի են: Ցեղասպանության ժխտումը միշտ էլ դրա շարունակությունն է, նշում է նա: Նրանք, ովքեր մասնակցում են դրա իրականացմանը կամ փաստերի աղավաղմանը, ևս մասնակից են այս ամենի:

Նրա պնդմամբ տեղի ունեցածի փաստավավերագրական մասն անհերքելի է: Ապացույցներ կան ոչ միայն պատմական փաստաթղթերի միջոցով, որոնք կարելի է ներկայացնել որպես աղբյուրներ, այլ նաև, օրինակ, «Shoah» հիմնադրամի, որը Սմիթը ղեկավարում է: Նա հայտնում է, որ իրենք ունեն Հայոց ցեղասպանություն վերապրածների շուրջ 2000 վկայություններ, ովքեր այսօր արդեն մահացել են, սակայն նրանց պատմությունները ներկայացնում են ճշմարտությունը:

«Մենք կշարունակենք տարածել այն, որպեսզի վերապրածների ներկայացրած փաստերը հայտնի դառնան բոլորին»,- ասում է Սմիթը:

Իր ղեկավարած հիմնադրամը աշխատանք է տարել երջանկահիշատակ Մայքլ Հակոբյանի և Կալիֆոռնիայի համալսարանից պրոֆեսոր Ռիչարդ Հելվենստոնի հետ: Նրանք հավաքագրել են ավելի քան 30 տարի ամբողջ աշխարհից փաստաթղթեր և վկայություններ, որոնք փոխանցվել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամ:

«Այսպիսով, եթե որևէ քննարկում լինի տեղի ունեցածի փաստերի վերաբերյալ, ապա ամբողջ աշխարհում կան հարյուրավոր համալսարաններ, որոնք կարող են ստանալ այս վկայությունները և առաջին ձեռքից լսել վերապրածներին», – ասում է նա՝ շեշտելով, որ դա հայերի ցեղասպանության վկայությունն է, որը հավերժ կպահպանվի:

Սմիթը ասում է ՝ երբեք չպետք է թույլ տալ, որպեսզի հանցագործություն կատարածները խուսափեն պատժից, քանի որ իրենք մեղավոր են: Նրանք Հոլոքոստի հետ միասին կատարեցին 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունները, Ռուանդան և այլ ցեղասպանություններ:

«Սառնասրտորեն սպանվել են կանայք, երեխաներ, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծում է «Shoah» հիմնադրամի ղեկավարը՝ կարևորելով անցյալի դասերը:

Նրա կարծիքով շատ հաճախ քաղաքականացումը կլանում է խնդրի բուն էությունը, հատկապես ցեղասպանության խնդրի նման հարցում:

«Այսօր ես կասեի միայն՝ մտածեք զոհերի մասին. նրանք արդարության կարիքն ունեն: Այսօր իրենց հետ տեղի ունեցածը ճանաչվել է, սակայն ցավը երբեք չի հեռանա»,- նշում է Ստեֆեն Սմիթը:

Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930