Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ պայքար տարածաշրջանի համար. Հայաստանը պետք է օգտվի մեծ խաղից

Ապրիլ 27,2021 11:00

Մինչ ապրիլքսանչորսյան եռացող «կաթսա»

Դեռեւս տարիներ առաջ համոզմունք կար, թե Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց՝ պաշտոնական Անկարայի կողմից ճանաչումից հետո: Տարիների ընթացքում շատ բան փոխվեց աշխարհում, իսկ հիմա մեր տարածաշրջանում գործընթացները կայծակնային արագությամբ են զարգանում:

Անցյալ աշնանը թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում Թուրքիայի մասնակցությունը, 44-օրյա ռազմական գործողություններում արգելված զենքերի կիրառումը, տարածաշրջան՝ Թուրքիայի միջոցով սիրիացի վարձկաններ տեղափոխելը, այս ամենով համոզմունք ձեւավորվեց, որ թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի թողտվությամբ Անկարան ներխուժեց Հարավային Կովկաս եւ այսօր իր հավակնությունները չի էլ թաքցնում:

Ինչ-որ մի պահից արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ Էրդողանին պետք է հասկացնել, որ նա պետք է կանգ առնի եւ սահմանափակվի՝ ունեցածով: Իսկ ունեցածը քիչ չէ՝ ռուս-թուրքական մոնիտորինգի ձեւավորում, Ադրբեջանում ազդեցության աճ, բայցեւ՝ ռուս խաղաղապահների ներկայություն Լեռնային Ղարաբաղում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերակենդանացում, որոնք նյարդայնացնում են Անկարային:

Այս ամենից բացի Վաշինգտոնն իր պատասխան առանձին հակաքայլն ուներ տեւական ժամանակ Ռուսաստանի հետ սիրախաղի մեջ մտած Էրդողանի համար: Վաշինգտոնի համար՝ Անկարան հատել է կարմիր գծեր: ԱՄՆ-ից շարունակ կոչ էին անում Անկարային՝ հրաժարվել S-400-ների գործարքից եւ փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր, սակայն Թուրքիան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները S-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: Եվ անցյալ շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է թողնում Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, արդեն իսկ հստակ էր, որ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության հիշատակումը գրեթե անբեկանելի է:

Բայդենի ապրիլքսանչորսյան ապտակը Թուրքիային

Ապրիլի 24-ից մեկ օր առաջ հեռախոսազրույց կայացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ։ Սպիտակ տունը հայտնեց, որ Բայդենն «իր շահագրգռվածությունն է հայտնել համագործակցության ընդլայնված շրջանակներում երկկողմ կառուցողական հարաբերություններով եւ տարաձայնությունների արդյունավետ կարգավորմամբ»: Նրանք համաձայնել էին երկկողմ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների ամբողջ շրջանակը։ Այլ մանրամասներ Սպիտակ տունը չփոխանցեց։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ից ավելի ու ավելի հաճախ սկսեց շրջանառվել տեղեկությունը, որ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլքսանչորսյան ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Միջազգային հեղինակավոր գործակալությունները հղում անելով իրենց աղբյուրներին՝ վստահեցնում էին, որ Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեեւ Սպիտակ տան հաղորդագրության մեջ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաներում այն բացակայում էր:

Այսպես, Բայդենը շրջադարձային քայլ կատարեց ապրիլի 24-ին: ԱՄՆ-ի նախկին նախագահները 1915թ. Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության մասին խոսելիս խուսափում էին «ցեղասպանությունից» տերմինից՝ բավարարվելով՝ «կոտորած» կամ «Մեծ եղեռն» եզրույթներով։ 2019թ., չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի շարունակական սպառնալիքներին, ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն ի վերջո հատուկ բանաձեւերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատեցին Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտել այն, ինչը շատերի գնահատմամբ շրջադարձային փոփոխություն մտցրեց ամերիկյան քաղաքական ուղեգծում՝ միեւնույն ժամանակ հարուցելով Անկարայի զայրույթը: Օրենքի ուժ չունեցող այդ որոշումը, այդուհանդերձ, շտապել էր ողջունել այն ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ խոստանալով ընտրվելու դեպքում աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին։

Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձում տողատակերն առանձին քննարկման թեմա են: «1915թ. ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության եւ համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսեւորումներում»։

Ուղերձում երկու անգամ՝ «ցեղասպանություն» բառի, մեկ անգամ՝ «Մեծ եղեռնի» եւ Կոստանդնուպոլսի հիշատակումներով Բայդենի վարչակազմը Թուրքիային հստակ հասկացնել տվեց, որ ամեն ինչ հիշում են եւ թույլ չեն տալու կատարվածի կրկնություն. «Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլեւս չկրկնվի»:

Բայդենի ուղերձի այս հատվածով ամերիկյան վարչակազմը Էրդողանին, թերեւս հայերի հետ հաշտվելու կոչ է անում. «Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը»։ Բայդենի կողմից՝ հաստատում ենք պատմությունը, բայց դա անում ենք՝ «ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլեւս չկրկնվի», նշանակում է, որ Թուրքիան պետք է զուսպ լինի այսուհետ իր զավթողական, ծավալապաշտական նպատակներում, եւ հնարավոր է, ապագայում Բայդենի վարչակազմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հստակ քայլեր ակնկալի Երեւանից ու Անկարայից:

Ամեն դեպքում, որքան էլ մեծ ու արդարացված է համայն հայության ոգեւորությունը Բայդենի ուղերձից հետո, չպետք է մոռանալ, որ ապրիլի 23-ին Բայդենն ու Էրդողանը հաստատել են՝ երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը, կարեւորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացումը: Ի՞նչ է սա նշանակում… Վաշինգտոնից ապտակով հանդերձ՝ Թուրքիան շարունակում է ԱՄՆ դաշնակիցը լինել՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իսկ սանձարձակ գործընկերոջը ժամանակ առ ժամանակ ամերիկյան ուղեծիր բերելու հարցում ապրիլի 24-ով տրվեց նոր գործընթացի սկիզբ: Եթե Էրդողանը շարունակի «ինքնագործունեություն», ապա նրան իշխանությունից հեռացնելու, նրան փոխարինելու հարցում թեկնածուների պակաս չկա Թուրքիայում:

Պաշտոնական Երեւանի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել

Ապրիլի 24-ի առիթով պաշտոնական Երեւանի ուղերձներում 1915թ. Օսմանյան կայսրության քաղաքականությունը հայերի նկատմամբ որպես շարունակություն 2020-ին թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմով՝ հայ ժողովրդի բնաջնջման օրինակ ներկայացնելը, պետք է լինի շարունակական եւ հետեւողական քաղաքականություն՝ արդեն Բայդենի կողմից ճանաչումից հետո: Ծավալապաշտական Թուրքիայի հավակնությունները ճնշելու հարցում պաշտոնական Երեւանը գործընկեր պետությունների հետ պետք է վարի քրտնաջան, 24-ժամյա աշխատանք: Այլ կերպ թուրք-ադրբեջանական սանձարձակությունները զսպելու տարբերակ չկա:

«Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր եւս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը եւ դրա ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել: Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ հայ ժողովրդի անվտանգության համար», ասվում էր ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի 24-ին արդեն ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որում պաշտոնական Երեւանը ողջունեց նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է. «Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդասիրության սկզբունքներին: Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած ուղերձում ասվում էր. «Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցը ոմանց կողմից շատ հաճախ փորձ է արվում օգտագործել որպես միջոց տարբեր նպատակների հասնելու համար: Սակայն աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել եւս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին: Այսօր էլ իրադարձություները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար»: Այնուհետեւ ՀՀ նախագահը արձանագրում էր. «Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետեւողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսեւորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր», ապա՝ հավելում. «Մենք, որպես միասնական ժողովուրդ եւ պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին’ առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից»:

Դե իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում արձանագրեց. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսեւորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։ Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից եւ հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա»: Ապա` նա խոստացավ. «Ասվածը, սակայն, որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբեւէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, եւ թող որեւէ մեկը չկարծի, որ որեւէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որեւէ քաղաքական հոսանք երբեւէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը եւ կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից»:

Ո՞րոնք են լինելու պաշտոնական Երեւանի անելիքները՝ Բայդենի վարչակազմի հետ աշխատանքներում Հայաստանի համար ձեւավորված այս բարենպաստ մթնոլորտում: ԱՄՆ-ում ստեղծվել են բոլորը հիմքերը իրավական մակարդակով Թուրքիային պարտավորեցնելու, Անկարայից մաքսիմալ ստանալու առումով: Այսօր, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ են հնչում՝ պաշտոնական Երեւանը ինքը պետք է նախաձեռնի Անկարայից ու Բաքվից ավելին ստանալու հարցում ամերիկյան աջակցություն:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930