Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չբուժված «Եվրոպայի հիվանդը». խոսքը ոչ միայն անցյալի մասին է

Ապրիլ 27,2021 22:00

Քաղաքակիրթ աշխարհը դեռ շարունակում է փակել է Առաջին համաշխարհային պատերազմի հաշիվները, պատերազմի, որի ավարտով «թաղվեցին» երեք կայսրությունները՝ Օսմանյան, Ռուսական եւ Ավստրո-Հունգարական։ Նրանցից հետո մնացած բեկորների վրա ձեւավորվեցին տասնյակներով ազգային պետություններ, որոնցում դեռ մինչ օրս լսվում է այդ համամարդկային համաղետի արձագանքը…

Խոսքը, որն ասաց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ 106 տարի անց իրերը կոչվեցին իրենց անուններով՝ միայն անցյալին չեն վերաբերվում, եւ արդարությունը, որի մասին խոսվեց՝ միայն անցյալի հիշատակին չէ, որ վերաբերվում է։
Իհարկե, միանգամայն այլ իրավիճակ կլիներ, եթե վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան անցներ ոչ թե այն ճանապարհը, որն անցել է, այլ, ասենք, Գերմանիայի ճանապարհը, եւ այսօր պետական մակարդակով ակտուալ քաղաքականության հարց չլիներ հրեշների հին ուրվականների վերակենդանացումը, ինչի ականատեսն ենք այսօր։

Երբ Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի կեսերից սկսեցին անվանել «Եվրոպայի հիվանդ մարդ»՝ եվրոպական մայրաքաղաքներում հարց չառաջացավ, թե ինչո՞ւմ է կայանում այդ հիվանդությունը, քանզի բոլորին ամեն բան պարզ էր եւ համաձայն էին բոլորը։ Սակայն, նույն եվրոպական մայրաքաղաքներում եւ ոչինչ չարեցին, երբ պարբերաբար եւ ահագնացող կերպով այդ «հիվանդությունն» ամենաայլանդակ կերպով դրսեւորվեց հայերի, հույների, այլ քրիստոնյաների եւ նաեւ՝ եզդիների նկատմամբ, ավարտվելով ազգային աղետներով եւ հայրենազրկմամբ։

1923-ին «դեւշիրմեի» մարդատյաց «ավանդույթից» սերված Օսմանյան կայսրության փլատակների վրա հիմնվեց Թուրքիայի հանրապետությունը, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց՝ հայտնի «հիվանդությունը» դրանով չբուժվեց, այլ սոսկ քողարկվեց, եւ Թուրքիայի փաստացի դաշնակցելը նացիստական Գերմանիային՝ դրա վկայությունն էր… Չնայած, ողջ մայրցամաքային Եվրոպան էր այդ տարիներին ծափահարում խելապակաս եֆրեյտորին…

«Հիվանդությունը» չբուժվեց նաեւ նացիզմի կործանումից հետո, երբ սկիզբ առավ Սառը պատերազմը, եւ Հիտլերի դաշնակից Թուրքիան մնաց չպատժված, ավելին, դարձավ Մարշալի պլանի շահառու, այնուհետեւ ՆԱՏՕ-ի «դաշնակից» եւ հարավային թեւի «անփոխարինելի պահապան», ներգրավվելով Արեւմուտքի պաշտպանական եւ անվտանգության համակարգեր, իսկ թուրքական բանակի վերնախավը կարգվեց որպես «բժիշկ» այն դեպքերի համար, երբ «հիվանդությունը» սպառնա… Չբուժված «հիվանդության» առաջին վառ դրսեւորումներն ի հայտ եկան 1955-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած զանգվածային ջարդերով, որոնք կազմակերպել էր իշխանությունը՝ նախագահ Մենդերեսի «Դեմոկրատական կուսակցություն» կոչված իսլամիստ-ազգայնական ուժը։ Սակայն, «դաշնակից» Թուրքիան ավելի կարեւոր էր Արեւմուտքի համար, քան այդ օրերին զոհված, ունեզրկված, հայրենազրկված հույները, հայերը եւ հրեաները։

1974-ին թուրքական բանակի կողմից Կիպրոսի հյուսիսի բռնազավթումն ի ցույց դրեց մի իրողություն, որ «հիվանդը» գնալով լկտիանում է, եւ բուժվելու մասին խոսելն անիմաստ է, սակայն, Սառը պատերազմի տրամաբանությունը պարտադրում էր, որ ՆԱՏՕ-ի հարավային թեւի անվտանգությունը պետք է մնա որպես առաջնահերթություն, դեհ, իսկ «հիվանդությունը» կարող է «քշվել դեպի ներս», նորմալ կարող են համարվել նույնիսկ ռազմական հեղաշրջումները…

Սառը պատերազմի ավարտով, թվում էր, ժողովրդավարացման ալիքը կբախի նաեւ «Բարձր դուռը», սակայն դա ամենեւին էլ այդպես չեղավ, եւ «ուժեղ ձեռքին» որպես «այլընտրանք» ներկայանում էին միայն անցյալի ուրվականները, իսկ այդ անվտանգության մասին խոսակցությունները հոդս ցնդեցին, երբ Թուրքիան արգելեց ԱՄՆ-ին իր տարածքն օգտագործել Իրաքյան պատերազմի ժամանակ։ Հետագա դեպքերն էլ ցույց տվեցին, որ Թուրքիան «դաշնակից» է միայն այն ժամանակ, երբ դա պետք է իրեն, եւ մատը մատին չի խփի, երբ խոսք գնա արդեն ի՛ր դաշնակցային պարտավորությունների մասին։ Այդ իրողությունն առավել ակնհայտ դարձավ, երբ Ռուսաստանի ղեկավարությունը սկսեց ներկայանալ նախկին ԽՍՀՄ տարածքում իր «ազդեցության» հավակնությամբ եւ նեոկայսերապաշտ դոկտրինով։ Կարծես, դա ազդակ էր Թուրքիայի համար, որպեսզի նա էլ իր հերթին բաց տեքստով սկսի խոսել ի՛ր նեոկայսերապաշտ՝ նեոօսմանական դոկտրինի մասին եւ համապատասխան քաղաքականությունը վարի այլեւս անթաքույց։ Իսկ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ շահերի սպասարկումն Անկարային «աութսորսինգի» հանձնելն ընդհանրապես անպատկերացնելի սյուրռեալիզմ էր…

Եվ ահա, ռուսական «ոսկե ձկնիկի» մասին հեքիաթի անկուշտ պառավի նման, այս ամենը չի կարող չվերջանալ կրկին կոտրած տաշտակի առաջ հայտնվելով, իսկ տվյալ դեպքում, սկզբի համար՝ մի սառը ցնցուղով, ինչպիսին էր նախագահ Բայդենի հայտարարությունը, որը քարուքանդ արեց մեկ դարից ավել մանրակրկիտ ձեւով կառուցվող «ազգային դիցաբանությունը», ուղղված քաղաքակրթության դեմ գործած ոճիրի քողարկմանը եւ նույնիսկ արդարացմանը։

Այո, սա ոչ միայն եւ այնքան անցյալին էր վերաբերվում, որքան մեր օրերի իրողություններին եւ դրանից բխող մոտեցումների վերանայմանը։ Այլեւս անիմաստ է Վաշինգթոնին մի քանի անգամ «ծախել» մի ժամկետանց ապրանք, որի կարիքը Վաշինգթոնը պարզապես չունի։ Այլեւս չկա որեւէ խնդիր, որը ԱՄՆ-ը չի կարող լուծել առանց Թուրքիայի, եւ դա փաստ է։ Սակայն, միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը կգերադասեր Թուրքիայի ներուժը տեսնել իր կողքին, այլ ոչ թե իր դեմ, բայց, որքան էլ որ ցավալի է ամերիկացիների համար, գործընթացները Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում հակառակի մասին են վկայում։ Ավելին, թուրքական սիրախաղերը Մոսկվայի, Թեհրանի եւ Պեկինի հետ, եւ հիմա էլ Էրդողանի «լոգիստիկ գերտերության» դոկտրինը, որը Եվրոպային դարձնելու է Անկարայի գերին, ինչպես Սուլեյման Բռնաբարի ժամանակներում՝ որեւէ դրական բան չի՛ պարունակում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որեւէ այլ նորմալ երկրի համար։

Ռուսաստանին պատժամիջոցներով եւ դաշնակիցների հետ համատեղ վճռական կեցվածքով Ուկրաինայից նահանջ պարտադրած ԱՄՆ-ում տեսնում են, որ հետխորհրդային տարածքում եւ Մերձավոր Արեւելքում միայն Ռուսաստանին զսպելը բավարար չէ, անհրաժեշտ է «կրկնակի զսպում», ուղղված նաեւ Թուրքիային, որ անհրաժեշտ է ապամոնտաժել բոլոր նեոկայսերապաշտ դոկտրինների նյութատնտեսական, գաղափարական եւ բարոյական բազաները. ահա ուղիղ ճանապարհը դեպի խաղաղություն, ժողովրդավարություն եւ բարեկեցություն։ Նախագահ Բայդենի՝ ավելի վաղ հռչակած արտաքին քաղաքական բանաձեւը, ըստ որի՝ ավտորիտար վարչակարգերը սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգությանը, չէր կարող չներառել նաեւ այն մոտեցումները, որոնք բարձրաձայնվեցին ապրիլքսանչորսյան ուղերձում։ Բացի հարցի բարոյական, արժեբանական կողմից, որը չափազանց կարեւոր է, սա նաեւ ակտուլ քաղաքականություն է՝ խորապես գիտակցված քաղաքականություն։

ԱՄՆ նախագահի անօրինակ հայտարարությունը նոր դռներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների նոր՝ արդիական եւ ապագային միտված օրակարգերի համար, որոնք կարող են ներառել տարածաշրջանային խնդիրներում շահերի ներդաշնակեցումն անվտանգության, պաշտպանության, ենթակառուցվածքների, տնտեսության եւ բազում այլ ոլորտներում, ինչը քննություն կդառնա Հայաստանի Հանրապետության համար առ այն, թե որքանով է խորը գիտակցված այս քաղաքական հնարավորությունն արդեն հայ քաղաքական դասի մոտ, որպեսզի մեր երկիրը դառնա ոչ թե այդ վերոնշյալ «հիվանդության», այլ դրանից զատվելու եւ ձերբազատվելու առաքելության մաս։
Եվ ուրեմն, ի գործ։ Եվ թող Աստված պահպանի Հայաստանը, Ամերիկան եւ հայ-ամերիկյան բարեկամությունը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Նկարը՝ Ahval

«Առավոտ» օրաթերթ
27.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930