Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Ապրիլ 26,2021 23:23

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանի ղեկավարությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, այնպես էլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ:

Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Արման Թաթոյանը դատապարտելի է համարել Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը՝ այն համարելով պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց:

Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները նվաստացած վիճակում են, իսկ պուրակը բաց է նաև երեխաների համար:

Նա ներկայացրել է նաև ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից:

Պատվիրակության անդամները բարձր են գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝ շեշտելով, որ Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի կողմից պարբերաբար ստանում են Հայաստանին վերաբերող հավաստի ինֆորմացիա, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի աշխատանքը, հատկապես՝ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելուն ուղղված հետևողական աշխատանքը և պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրակության անդամների հետ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում Պաշտպանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930