ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց հրաժարական տալու մասին: Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս եւ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։
Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է ընտրություններին. «Գաղտնիք չէ, որ ընտրություններին մենք նախնական պատրաստվում ենք, բայց բուն աշխատանքներ չենք իրականացնում»,- ասաց Դոխոյանն ու շարունակեց, որ իրենք կմասնակցեն ընտրություններին եւ անակնկալ են պատրաստել իշխանությունների համար. «Իհարկե՛ մասնակցելու ենք, իհարկե՛ տանելու ենք բավարար չափի ձայներ՝ թե՛ մեր համախոհներով, թե՛ այն ծրագրերի ու առաջարկների հաշվին, ինչը որ կներկայացնենք քարոզարշավի ընթացքում»:
Այն հարցին, թե վստահ եք, որ Լոռին կանգնած կլինեն «Հայրենիք» կուսակցության կողքին, Վահե Դոխոյանը պատասխանեց. «Վանաձորն ու Լոռին կանգնած կլինեն շատ կուսակցությունների կողքին, այդ թվում նաեւ մեր կուսակցության կողքին: Իսկ թե ո՞վ ի՞նչ չափով կունենա այդ վստահությունը, քվեն, ցույց կտա ընտրությունների ընթացքը»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջից