Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբոց Նահատակաց» պատկերի օծում` Բրազիլիայի Հայոց Թեմում

Ապրիլ 26,2021 19:45

Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդներ:

Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է: Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով կատարել:

Թուրքիան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում կատարեց այնպիսի մի  ոճրագործություն, որ բառերը անկարելի են բացատրելու կամ նկարագրելու ցավալի այդ իրականությունը:  Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն լինելուց բացի նաև մեծագույն դաս է հայ ժողովրդի և կարելի է ասել աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար:

Պատմական այդ իրողությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։Հայոց ցեղասպանության պատմական իրականություն լինելը այսօր շատ պետությունների ընդունման սեղանին է դրված, և դեռ այս ամենի մասին պիտի խոսվի, պիտի ամենուր այս ճշմարտությունը բարձր ամբիոններից պատմվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար: Մեր սուրբ նահատակներից շատերը հալածվեցին իրենց կրոնական հայացքների համար, նրանք եղան ամուր վահանը Քրիստոսի խոսքերին՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:» (Մտթ. 5.1֊0-12)։

2015 թ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ցեղասպանության հիշատակը վավերացրեց սրբադասմամբ, հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու եկավ հիշատակության կանոնը, այսուհետ  ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար:

Բրազիլիայի հայոց թեմում տարվույս ապրիլ 24-ին և ընթացս սուրբ պատարագին ձեռամբ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում: Վազգեն (սարկավագ) և Ներսես (դպիր) Եգիներյան եղբայրների բարերարությամբ  և ի հիշատակ իրենց եկեղեցասեր ծնողի՝ Բյուզանդ Եգիներյանի հոգու խաղաղության և անմահության, սբ. Գևորգ մայր տաճարին ընծայվեց հայոց ցեղասպանությանը նվիրված  «Սրբոց Նահատակաց» շնորհառատ պատկերը:

Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականաց և հավատացյալ ժողովրդի համար օրը կարևոր էր: Պետք է նշել, որ Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդներ, մեծամասամբ՝ Մարաշից և Հաճնից:

Պատկերը գեղեցիկ և հանդիսավոր կերպով դպրաց և սարկավագաց դասը բարձրացրեց վեր: Գինիով և ջրով լվանալուց հետո առաջնորդ սրբազան հայրը  «Տէր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց» աղոթքով, Ամենասուրբ Երրորդության երկնառաք շնորհները հայցելով պատկերին, օծեց և սրբագործեց այն:

-Շատ ու շատ հայորդիների սրտերում միահյուսված է աղոթքը, արդարության հանդեպ վճռականությունը մեկ անգամ ևս եկավ և ապացուցվեց այս արարողությամբ: Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը անցել է թշնամիների՝  մեր արյունով ներկված սրի տակով, բայց  հակառակ նրանց՝ հայը եղել է չպարտվող մարդու տեսակ: Այս գաղափարի ապացույցը մենք տեսանք Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ: Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում աշխարհի ժողովուրդների համար պատուհաս  դարձած թուրքական ցեղախումբը մեկ անգամ ևս փորձեց կրկնել պատմությունը, բայց մեր զինվորների, մեր սուրբ նահատակների պայքարի և վճռականության շնորհիվ հայը չպարտվեց, հաղթեց գաղափարը, հաղթեց այն զինվորը, որը ապրել և դաստիարակվել էր դեռևս 100 և ավելի տարիներ առաջ գոյացած ոխով: Թող այս պատկերի մյուռոնաբույր անուշահոտությունը և հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսությունը խաղաղություն և անսասանություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին:

Բրազիլիայի Հայոց թեմի լրատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930