Մադրիդում անցկացված սուսերամարտի վարկանիշային մրցաշարի եվրոպական գոտում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էմմա Պողոսովան խոցասուսերակիրների պայքարում մոտ էր Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրին: Սկսելով խմբային փուլից, որտեղ ընդգրկված էին 23 մասնակիցներ, Էմման երեք հաղթանակով անցավ 16 լավագույնների մեջ, որտեղից արդեն գործում էր օլիմպիական մրցակարգը: Այստեղ էլ հաղթելով ավստրիացի մրցակցին՝ մեր մարզուհին մտավ ուժեղագույն ութնյակ: Այստեղ նա ուժերը չափեց Բելառուսի ներկայացուցչի հետ: Պողոսովան գլխավորում էր հաշիվը եւ շատ մոտ էր այս փուլը նույնպես հաղթահարելուն, սակայն նյարդերն ըստ ամենայնի պայքարի լարվածությանը տեղի տվեցին եւ նա մեկ խոցումի տարբերությամբ պարտվեց՝ 14:15:
Ինչպես մեզ տեղեկացրեց Էմմա Պողոսովայի անձնական մարզիչ Արտաշես Մադոյանը, ուղեգիրը նվաճելու համար անհրաժեշտ էր գրավել 1-ին տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ