ՀԱՊՀ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Միսակ Տրավաջյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր համոզմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացել է` առանց իրավական լուրջ խախտումների, թեեւ այլ պոլիտեխնիկցիներ այլ կարծիքի են:
«Հետընտրական ցնցումներն այդքան էլ հաճելի բան չեն, եթե մարդիկ ինչ-որ բան ունեին ասելու, թող ընտրության ժամանակ ամեն ինչ ասեին: Իրավաբանորեն ամեն ինչ հստակ անցել է, բայց նորից սկսել են փորձել, ինչ-որ բաներ գտնել»,-ասաց նա:
Պարոն Տրավջյանը կարծում է, որ արդարացի չէ ինչ-որ բաներ փորփրել-գտնելը Գոռ Վարդանյանի (լուսանկարում) ուսանողական տարիներից: «Մեր հիմնական խնդիրն է համախմբվել, փորձել այս իրավիճակում գտնել ինստիտուտի կրթական մակարդակը, ուսուցման որակը բարձրացնելու ուղիներ: Սա է մեր խնդիրը: Ես Գոռ Վարդանյանի հետ աշխատել եմ, ամենակարեւոր բանը, որ նկատել եմ նրա ուսանող ժամանակվանից, այն է, որ շատ նախաձեռնող է եւ ակտիվ է, ինչը շատ կարեւոր հատկանիշ է: Իհարկե, գերազանց սովորելը շատ լավ արժանիք է, բայց միշտ չէ, որ գերազանց սովորողը վերջում դառնում է լավ կառավարիչ կամ լավ ղեկավար:
Գոռ Վարդանյանը մեր աչքի առաջ է եղել որպես ուսանող, հետո որպես մագիստրոս, նաեւ ատենախոսություն է պաշտպանել, անընդհատ աճել է, իր վրա աշխատել: Մի ուրիշ խնդիր էլ կա: Ընդհանուր առումով մեր կրթական համակարգը ոչ այնքան բարվոք վիճակում է: Ես երկար տարիներ աշխատում եմ`1966 թվականից` որպես ուսանող եւ դասախոս, տեսնում եմ, որ անկում է գնում ոչ միայն մեր ինստիտուտում, այլեւ ողջ աշխարհում: Այս դեպքում մեզ պետք են երիտասարդ, ակտիվ եւ նախաձեռնող անձինք, որոնք կկարողանան նոր էներգիա, նոր ավյուն հաղորդել գործընթացին»,- ընդգծեց պարոն Տրավաջյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, հիմա երիտասարդները դժվարությամբ են գալիս կրթական համակարգ. «Մի կերպ համոզում ենք ֆիրմաներում աշխատող երիտասարդներին, որ գան դասավանդեն, դա դժվարությամբ է տեղի ունենում: Հիմա Գոռը դառնալով ռեկտոր մենակ չի լինելու, քանի որ ունի կոլեկտիվ, բազմափորձ մարդիկ, որոնք պետք է համախմբվեն եւ օգնեն նրան, որպեսզի կարողանանք մեր առջեւ դրված խնդիրները լուծել:
Մեր դասախոսական կազմում հիմնականում 60-ն անց մարդիկ են, իհարկե շատ լավ մասնագետներ, երիտասարդական հոսքը շատ քիչ է, դրա համար պետք է թեւ տանք երիտասարդներին, որոնց համար կրթական համակարգը հասկանալի պատճառներով գրավիչ չէ: Դրա համար ամեն երիտասարդ, որ գալիս է կրթական համակարգ, ուզում ենք խրախուսել»:
Միսակ Տրավաջյանը կրկին շեշտեց. «Ինձ այդքան էլ դուր չի գալիս, որ փորփրում են Գոռի անցյալը, լավ է, որ մինչեւ մանկապարտեզ չեն հասել: Եկեք նայենք առաջ, օգնենք խնդիրները լուծել: Ինձ թվում է Գոռը արժանի թեկնածու է եւ իր վրա մեծ բեռ է վերցնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Պոլիտեխնիկի կայքից: