Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ. Արմեն Սարգսյանն Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանին

Ապրիլ 26,2021 18:18

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ, Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, նախարար Օհանյանը Հայաստանում ներկայացնում էր Լիբանանի Հանրապետության նախագահին:

«Հաճելի է ընդունել բարեկամ երկրի նախագահի ներկայացուցչին, առավել հաճելի է, որ նա նաև հայուհի է»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նախարարը Հայաստանի նախագահին է փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի բարեմաղթանքներն ու նամակը:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ:

Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին, միասնաբար, մենք, հանուն մարդկության, մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը:

Լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին, պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուր հազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում: Նրանք դարձան մեր հայրենիքի էական բաղադրիչներից՝ արդյունավետորեն նպաստելով նրա քաղաքական կյանքին, սոցիալական ու մշակութային վերելքին:

Նրանց մեջ հայտնի դարձան նախարարներ, պատգամավորներ, բժիշկներ, արհեստավորներ, արվեստագետներ, լրագրողներ, գործարարներ, գիտնականներ ու մտավորականներ: Նրանք նաև լիակատար հավատարմություն ցուցաբերեցին Լիբանանի հանդեպ՝ չհրաժարվելով Հայաստանին իրենց կառչածությունից, ինչը սերտորեն կապված է նրանց արյան, դավանանքի, մշակույթի ու պատմության հետ:

Լավագույն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ մեր ժողովուրդների ձգտումները մարմնավորվել են հաճախակի հանդիպումներով, այցերով ու փորձի փոխանակմամբ, որոնց ավելանում է նաև միջազգային և մասնավորապես ասիական խորհրդարանական ատյաններում դիրքորոշումների ու կեցվածքների շարունակական համակարգումն ի նպաստ մեր ժողովուրդների շահերի, և որն արտահայտում է մեր՝ կողմնակից լինելը արդարությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին, միևնույն ժամանակ, Լիբանանն ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը:

Եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացողություններից: Մենք բոլորս միմյանցից կախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձեւով է տուժում դրանց հետևանքներից»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի նախագահին և Լիբանանի բարեկամ ժողովրդին: «Շնորհակալ ենք, որ ոճրագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր»,- ասել է նախագահը: Ընդգծելով, որ Լիբանանը սրտաբաց ընդունեց ցեղասպանությունը վերապրած հայերին, ապրելու և արարելու, իրենց ինքնությունն ու ազգային կերպարը պահպանելու հնարավորություն ընձեռեց՝ Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երախտապարտ հայերն իրենց մեծ ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Լիբանանի կյանքի տարբեր ոլորտներում: «Նրանք Լիբանանի արժանի քաղաքացիներ են, և տիկին նախարարը դրա լավագույն վկայությունն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին և լիբանանահայ համայնքին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930