Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա պատշաճ վերլուծության չի արժանացել». Հովհաննես Սարգսյան

Ապրիլ 26,2021 18:06

«Սահմանադրական իրավունք միության» նախագահ, «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի կարծիքով, Հայաստանի պետական եւ ազգային ինքնուրույնությունը կտրուկ նվազել է, քանի որ իշխանության են բերվել «մարիոնետային շրջանակներ», որոնք կողմ են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, անվտանգության «այլընտրանքային» համակարգին, կրթական համակարգը ազգային արժեքներից «մաքրելուն»: Այս մասին նա խոսեց այսօր «Ինտեգրացիա եւ Զարգացում» վերլուծական կենտրոնի, Եվրասիական փորձագիտական ակումբի եւ Հայ-ռուսական համալսարանի համատեղ կազմակերպած «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանին» թեմայով գիտաժողովի ժամանակ:

Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանի կարծիքով էլ, ցանկացած պետություն` մտնելով որոշակի ինտեգրացիոն գործընթացների մեջ եւ նվազեցնելով ինքնիշխանությունը, փորձում է չեզոքացնել լուրջ ռիսկեր՝ առաջին հերթին ազգային անվտանգության ոլորտում: Ըստ Հովհաննես Սարգսյանի, ժամանակակից Հայաստանը ծնվել է պատերազմում, շրջափակման եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում եւ հենց այս վիճակով է պայմանավորված Հայաստանի ներկայությունը ինտեգրացիոն նոր զարգացումներում: Բանախոսի գնահատմամբ, վճռորոշ է եղել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունը, որն էլ դարձել է Հայաստանի ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամության հիմք: Նաեւ, ոչ լիարժեք ինտեգրացիան Հայաստանի համար ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան անդամ այլ երկրների համար ու հենց այս պատճառով, ԵԱՏՄ քաղաքական թերությունները Հայաստանը լրացնում էր կոմպլեմենտար քաղաքականությամբ:

Հայկ Բաբուխանյան

Հայկ Բաբուխանյանի խոսքով էլ, «եւ-եւ» ձեւաչափի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, որով Հայաստանն առաջնորդվում էր մինչեւ 2018 թվականը, փորձ էր ապահովել ինքնիշխանության կայունությունը: Բայց 2018-ին ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ հայտնվեցին աշխարհաքաղաքական հսկա ճեղքում՝ արեւմտյան տեխնոլոգիաները հասան իրենց նպատակին: Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ արցախյան 44-օրյա պատերազմը բացահայտել է հայ ժողովրդի անվտանգության համակարգի ողջ խոցելիությունն ու փոխել իրավիճակը երկրում եւ տարածաշրջանում. «Ակնհայտ դարձավ, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանության հիմնական բաղադրիչը՝ տարածքային ամբողջականության ապահովման կարողությունը»:

Բանախոսի կարծիքով, պատերազմի ու համաճարակի պատճառով ահռելի վնասներ կրած Հայաստանը չի կարող միայնակ լուծել բանակի վերազինման հարցն ու այսօր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս զինվորականները: Այսօր Ադրբեջանը փորձում է խոսել ուժի դիրքերից, հավակնում է Սեւանին եւ Երեւանին, սա նշանակում է, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել հակամարտությունը, գրավել ողջ Արցախն ու Հայաստանի Սյունիքի մարզն ու բնաջնջել տեղի հայերին, կարծում է Բաբուխանյանը: Զուգահեռ, Թուրքիան է նեոօսմանյան գաղափարախոսություն որդեգրել եւ ուժեղացնում է իր զավթողական նկրտումները:

Հայկ Բաբուխանյանը պնդում է, որ Հայաստանի տնտեսությունը օտարերկրյա անհապաղ ներդրումների կարիք ունի: Այնպիսի աղբյուրներից ներդրումներ, որ քաղաքական պայմաններ չեն դնի եւ չեն հակասի հայ ժողովրդի նպատակներին եւ խնդիրներին: Նրա խոսքով, նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ որոշված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջապակումը բարդագույն խնդիր է եւ բերելու է տնտեսական նոր իրողությունների ու նոր հակասություններ է ծնելու, ուստի, Հայաստանին նոր ազգային գաղափարախոսություն է պետք, որը կփրկի հայկական պետականությունը:

Հովհաննես Սարգսյանն էլ կարծում է, որ Ռուսաստանի եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա պատշաճ վերլուծության չի արժանացել՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության կանխատեսման հարթությունում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930