Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի շուրջ եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս: Այս մասին այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:
Հիշեցնենք, ապրիլի 19-20-ը կայացել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստը, որին մասնակցել են հայկական պատվիրակության անդամները: Վիկտոր Ենգիբարյանն այսօր ամփոփեց նիստի աշխատանքները`ընդգծելով, որ հայկական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների`Հայաստան վերադարձի հարցին: «Ոչ միայն մեր պատվիրակները, այլ նաեւ եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան եւ նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները: Խոսեցինք նաեւ Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից»:
Լիագումար նիստում ելույթներով հանդես են եկել ԵԽ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ուկրաինայի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահները: Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը տարբեր բանաձեւերով դուրս են մղվել: Ընդհուպ մինչեւ էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբեջանցիները փորձում էին իրենց բառապաշարով վնասել Հայաստանի շահերը, ինչը իրենց չէր հաջողվում»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:
Կարդացեք նաև
Պատվիրակության անդամ Արման Եղոյանն էլ հայտարարեց, որ էներգետիկ հանձնաժողովի նիստի քննարկումներում ադրբեջանցիները փորձել են կասկածի տակ առնել խորհրդային ատոմակայանների անվտանգության հարցը` նկատի ունենալով հայկական ատոմակայանը: Նրանք առաջարկել են աչալրջությամբ հետեւել նման ատոմակայանների անվտանգությանը, ընդհուպ մինչեւ փակել դրանք: Համանման առաջարկները տապալվել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ