Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը՝ Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որից հետո, սակայն շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ասաց․
«Վարչապետի հրաժարականը պայմանավորված է նրա և մի շարք կուսակցությունների ՝ խորհրդարանի լուծարման ու նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ ունեցած հրեշավոր պայմանավորվածությամբ: Աշխարհի որևէ ծայրում երկիրը նման կերպ խայտառակած անձը չի մնացել իշխանության։ Էլ չեմ ասում, որ որևէ մի լիդերի խելքից չի անցել կապիտուլյացիայից հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ:
Ռիսկերի մասին բազմիցս խոսել եմ, ասեմ ևս մեկ անգամ: Ծայրաստիճան պառակտված հասարակությունում նախընտրական կամպանիա անցկացնելը կարող է այն ուղղակի պայթեցնել»:
Մեր այն դիտարկմանն էլ, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ խոսեց ընտրությունների երկբևեռ լինելու մասին, Արթուր Համբարձումյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ընտրությունները և իշխանությունը երբեք չի հանձնելու Ռոբերտ Քոչարյանին։
Կարդացեք նաև
«Փաշինյանը միանշանակ կեղծելու է ընտրությունների արդյունքները:
Ինչո՞ւ է կեղծելու, կհարցնեք դուք. որովհետև նա ամեն ինչ է կեղծել այս ընթացքում: Եվ հետո Քոչարյանի՝ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը, թե ընտրությունները կլինեն երկբևեռ, ասեմ՝ ես վստահ չեմ, որ տեղի կունենան ընտրություններ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան, թող Ռոբերտ Քոչարյանն իմանա, որ Փաշինյանն իշխանությունն ավելի շուտ կհանձնի Իլհամ Ալիևին քան՝ իրեն»։
Իսկ թե ընտրական ի՞նչ պատկեր կունենանք, Արթուր Համբարձումյանն ասում է․
«Ներքաղաքական վիճակն ինչքան գնաց, այդքան լարվելու է, և ընտրությունները յուրահատուկ կատալիզատորի դեր են խաղալու այդ հարցում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ