Այսօր ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեցին, թե իրենց խմբակցությունը ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ վարչապետը հրաժարականից հետո պաշտոնավարում է:
Նա պատասխանեց. «Կա ձեւավորված պրակտիկա. 2018-ին ԱԺ-ն արձակելու գործընթացը եղել է հենց այսպես` վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել ու խորհրդարանը ցրել է: Ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը, այն ժամանակ օրենքը այդ ձեւով է մեկնաբանվել: Ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որեւէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: Հիմա այստեղ, որքանով հասկանում եմ, նույն բանը հիմա է արվում: Դա այն օրակարգը չի, որ մենք դրանով զբաղվենք: Կամ ինքը չի՝ Տիգրան Ավինյանն է, ի՞նչ է փոխվում: Հիմա այդ պրակտիկան 3 տարի առաջ չվիճարկած մարդիկ այսօր ուզում են վիճարկեն: Թող վիճարկեն, ինչ ասեմ: Ավելին ասեմ՝ այդ օրենքներն այնպես են գրվել այն ժամանակ, գիտեք ում համար են գրվել, որ ինչ ուզենան՝ անեն: Իրենք էլ ինչ ուզում՝ անում են, ինչի՞ց եք բողոքում, էլի՛: Այդ օրենք գրողները այսօր բողոքում են, որ մենք գրել ենք օրենքներ, որով ինչ ուզում՝ անում է այսօրվա իշխանությունը: Այդ օրենքը գրել են, որ իրենք ինչ ուզենան՝ անեն, ուղղակի այնպես է ստացվել, որ իրենք են ինչ ուզում՝ անում»,- ասաց Մարուքյանը՝ մատնացույց անելով իր կողքին նստած իմքայլական պատգամավորներին:
Ըստ Մարուքյանի, կարող են բողոքողները իրենց գրած օրենքը տանեն ՍԴ-ում վիճարկեն. «Այս իշխանությունը չփոխեց, դրա համար ասում եմ՝ երկուսն էլ պետք է հեռանան: Նրանք այս օրենքը գրողներն են, սրանք էլ՝ շահագործողները, չարաշահողները: Հիմա Էդմոն Մարուքյանից ի՞նչ եք ուզում: Օձի սեւն էլ սատկի, սպիտակն էլ»:
Սա լսելով՝ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Պարո՛ն Մարուքյան, ամեն ինչ ճիշտ եք ասում, ուղղակի սրանք չի, էլի»:
Կարդացեք նաև
Մարուքյանն ասաց նկատի ունեմ՝ այս թիմը, այս մարդկանց խումբը: Այս անգամ էլ դժգոհեց «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, որ «ձեռքով ցույց մի՛ տվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ