Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա իրականացնում է վարչապետի պաշտոնից բխող գործողություններ՝ նշանակում է կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված արարք. Էդգար Ղազարյան

Ապրիլ 26,2021 17:30

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն այսօր խոսել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ դրանից հետո սահմանադրությամբ նախատեսված օրինական ընթացակարգերի մասին:

«Ես այսօր իմ ֆեյսբուքյան էջում արդեն հայտարարություն եմ տվել հանցագործության մասին: Հուսով եմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ մյուս իրավասու իրավապահ մարմինները ընթացք կտան, որովհետեւ Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը փաստացի երկուշաբթի աշխատանքային օրը յուրացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ինչը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության տարրեր է իր մեջ պարունակում: Հայաստանի նախկին վարչապետը իրավունք չունի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Երեկ նա ինքը անձամբ հրաժարականի մասին հայտարարություն է արել, գրավոր դիմել է հանրապետության նախագահին, եւ հանրապետության նախագահը սահմանադրության պահանջներին համապատասխան անհապաղ ընդունել է այդ հրաժարականը: Կա նախագահի համապատասխան հրամանագիր, այսինքն, Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցված են:

Սահմանադրությամբ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցին անդրադառնում է վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում: Այսինքն, վարչապետի պաշտոնը պետք է թափուր լինի: Իսկ եթե ինքն այդ պաշտոնը զբաղեցնում է այլ կարգավիճակով, նշանակում է՝ այդ պաշտոնը թափուր չէ: Կրկնում եմ, ՀՀ վարչապետի լիազորությունները դադարեցված են երեկվանից նախագահի հրամանագրով: Հետեւաբար, եթե նա հիմա իրականացնում է վարչապետի պաշտոնից բխող գործողություններ, նշանակում է կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված արարք:

Կարծում եմ, նախագահը կարող է իր իրավասության հարցերով դիմել Սահմանադրական դատարան, ստանալ եզրակացություններ, քաղաքական գործիչները կարող են անել քաղաքական հայտարարություններ եւ դրանից բխող գործողություններ: Բայց, կարծում եմ, այս պահին խնդիրն ավելի շատ գտնվում է դատախազության եւ իրավապահ մարմինների տիրույթում: Այսինքն, նրանք անհապաղ պետք է հարուցեն քրեական գործ եւ Հայաստանի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ գործում ներգրավել որպես մեղադրյալ եւ դիմեն դատարան, որպեսզի նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց անհապաղ կիրառվի»,- ասում է Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930