«Այն իրադրությունը, որում հայտնվել են Հայաստանը եւ Բելառուսը, նույնն է»,- այս կարծիքին է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Նա մասնակցում էր «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ Զարգացում» վերլուծական կենտրոնը, Եվրասիական փորձագիտական ակումբը եւ Հայ-ռուսական համալսարանը:
Դեսպանը խոսեց անցած շաբաթ իր երկրի նախագահի դեմ կազմակերպված մահափորձից, որը կանխվել էր: Դեսպանն ընդգծեց, որ ՌԴ-ն իրենց օգնել է «կանխել թշնամիներին»: Ինքն, իբրեւ նախկին դատախազ, ասում է`«այդ թշնամիներին» լավ գիտի. տեղեկություններ եղել են, որոնք հիմա դրսեւորվել են`փաստացի պետական հեղաշրջման եւ երկրի նախագահի դեմ մահափորձով: Նա ընդգծեց, որ այս ամենին թերեւս սկեպտիկ վերաբերվեին, սակայն այդ տվյալները բացահայտել եւ իրենց են փոխանցել ռուսական հատուկ ծառայությունները: Դեսպանի գնահատմամբ, իր երկրի ինքնիշխանության դեմ արեւմուտքի եւ ԱՄՆ-ի ոտնձգությունները բացասական են: Հայաստանն, ըստ նրա, առավել վատթար վիճակում է գտնվում, քանզի երկրից նաեւ արտագաղթի տեմպերն են մեծ:
«Փառք Աստծու, որ ՀՀ-ն, Բելառուսը եւ ՌԴ-ն ՀԱՊԿ-ում են, իրերի նման դասավորությունն է, որը հնարավորություն տվեց Բելառուսում իրավիճակը կայունացնել: Չլիներ դա, հավանաբար, քաղաքացիական պատերազմ կլիներ»:
Դեսպանի բնութագրմամբ, Բելառուսը Հայաստանի համար եղբայրական երկիր է: Նա անուններ չտալով`հայտարարեց, որ հայաստանյան, ժամանակին բավական բարձր պաշտոններ զբաղեցրած գործիչներ, այժմ փորձում են իրավիճակը կամայական մեկնաբանելով`հակառակը ներկայացնել: Հորդորեցչհավատալ, քանի որ «լավ բան չէ համատեքստից կտրել եւ ներկայացնել, իրենց կամ իրենց տերերի շահից ելնելով: Հասկացեք ինձ`ինչպես կամենում եք»:
Կարդացեք նաև
Դիվանագետը հայտարարեց, որ «ամենը փողի վրա է հիմնված» եւ Բելառուսում հեղափոխություն իրականացնելու համար, տարբեր տվյալներով, ԱՄՆ եւ եվրոպական երկրները միլիարդավոր դոլարներ են ներդրել. «Ինչպես հասկանում եք, այդ գումարները պետք է «աշխատեն»` նրանք`ովքեր այսօր աղբ են տարածում»: Նա հայտարարեց, որ Լիտվայում ապաստան գտած բելառուսական ընդդիմադիրներին այժմ ամսական 6600 հազար եվրո են փոխանցում արեւմտյան գործընկերները:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ