Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 3 տարիներին հանքարդյունաբերությունը ոչ թե զսպվեց, այլ՝ 30 տոկոսով հանքանյութն ավելի շատ է օգտագործվում. Հակոբ Սանասարյան

Ապրիլ 26,2021 16:35

Հանքարդյունաբերությունը Հայաստանում ագրեսիվ զարգացումներ է ապրում: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց «Կանաչների միության նախագահ» Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով, իշխանափոխությունից հետո վերջին 3 տարիներին հանքարդյունաբերությունը ոչ թե զսպվեց, այլ 30 տոկոսով հանքանյութն ավելի շատ է օգտագործվում, քան նախորդ տարիներին էր:

«2018 թվականին, երբ իշխանափոխություն կատարվեց, կարծում էինք, որ հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ, այդ ոլորտում հաստատվի օրինականություն եւ այն գումարները, որոնք գնում են անհատների գրպանները, պետք է մտնեն պետական գանձարան: Մեր հաշվարկներով՝ դրանք տարեկան մի քանի միլիարդ դոլարներ են: Բայց, ավաղ դա տեղի չունեցավ»,-ասաց Հակոբ Սանասարյանը:

Ըստ նրա, ամեն ինչն էլ օրենսդրորեն կարգավորված է, բայց՝ անարդար: «Մինչեւ 2015 թվականը մաքուր շահույթի 20 տոկոսն էր բաժին հասնում պետությանը, 80 տոկոսը՝ հանքատիրոջը, որը շատ անարդար էր: Այդ ժամանակ 10 անգամ իջեցրին շահութահարկը եւ դարձրին, որ 98 տոկոսը գնում է հանքատիրոջը եւ միայն 2 տոկոսը՝ պետությանը: Զարգացած երկրներում 75 տոկոսն է գնում պետությանը»:

Հակոբ Սանասարյանի խոսքով, Ամուլսարի հնարավոր շահագործման թեման պատերազմից հետո արդեն իսկ շրջանառում են իշխանությունները, կառավարության անդամները: Սակայն, պարոն Սանասարյանը նույն կարծիքին է, որ այն կործանարար կլինի Հայաստանի ջրային ռեսուրսների ու Ջերմուկի համար:

Հակոբ Սանասարյանի հայտարարությունների համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 500 հազար դրամ՝ ընկերության գործարար համբավը վնասելու համար: Սակայն ավելի ուշ ընկերությունը հայցը հետ է վերցրել:

Հակոբ Սանասարյանն ասաց, որ «Լիդիանի» հասցեին արված տվյալ հայտարարությունը հենց ՇՄԱԳ-ից է վերցրել. «Լիդիանը» ջրային ռեսուրսները ներկայացնելով, ՇՄԱԳ-ում գրում են, որ ստորգետնյա եւ մակերեւութային ջրերը աղտոտվելու են հանքարդյունաբերության թափոններով, իսկ դրանք մկնդեղն է, ծծումբը, նիկելը եւ բազմաթիվ այլ ծանր մետաղներ եւ դրանց հետ մեկտեղ՝ ուրան ու թորիում: Բացի այդ՝ նախագծում գրված է, որ ջրերի լուրջ կորուստ է լինելու, հարյուրավոր աղբյուրներ կամ ցամաքելու են կամ հոսքը նվազելու է եւ ստորգետնյա ջրերի մակարդակը մինչեւ 60 մետր իջնելու է: Բայց վերջնամասում, որտեղ պետք է գնահատվի տնտեսությանը հասցվող վնասը, նրանք գրում են՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսներին հասցվելիք վնասը հավասար է զրոյի: Հիմա սա սո՞ւտ է, թե՞ ոչ: Դատարանն այս հարցը պետք է լուծեր՝ ինչպիսի պայմաններում է «Լիդիանը» համարձակվել սուտը ներկայացնել: Միտումնավոր կոծկել են Հայաստանին Հանրապետությանը հասցվելիք վնասը»:

Ըստ Հակոբ Սանասարյանի՝ նույնը կենդանական եւ բուսական աշխարհին է առնչվում. «Նրանք գրում են, որ բուսատեսակները խեղդվելու են հանքային փոշուց, շատ բուսատեսակներ վերանալու են կամ ձեւափոխվելու են, եւ գրում են՝ բուսական աշխարհին հասցվելիք վնասը հավասար է զրոյի: Մեկ առ մեկ նկարագրվում է՝ որ կենդանիները ինչ վնասներ են կրելու՝ սկսած գորշ արջերից մինչեւ մնացած կենդանիները եւ գրված է, որ զանգվածաբար ոչնչանալու են մանր կաթնասունները իսկ մնացած՝ նույնիսկ Կարմիր գրքում գրանցված կենդանիների բնակվելու վայրերը վերանում են: Վերջում սակայն, գրում են՝ տնտեսությանը հասցված վնասը հավասար է զրոյի»:

Ըստ միության նախագահի, Հայաստանում հանքերը հիմնականում բարձր լեռնային տարածքներում են, իսկ Հայաստանի ջուրը գոյանում է հենց այդ լեռներում, ուստի կառավարությունը պետք է, ոչ թե անխնա շահագործման տա այդ հանքերը, այլ՝ դրանք նաեւ պահպանի որպես երկրի կապիտալ, քանի որ տարեցտարի մետաղների գները միայն աճում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930