Հայ-ռուսական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, Ռուսաստանի մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ Պարգեւ Ավետիսյանի կարծիքով՝ տարբեր երկրների կրթական համակարգերի ինտեգրման անհրաժեշտությունը համաշխարհային հանրության ժամանակակից զարգացման արդի միտումներից է:
Այսօր այս մասին նա խոսեց «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներն ու մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ Զարգացում» վերլուծական կենտրոնը, Եվրասիական փորձագիտական ակումբը եւ Հայ-ռուսական համալսարանը:
Հայաստանի ինտեգրումը միասնական տնտեսական տարածքում, բանախոսի կարծիքով, մի շարք հնարավորություններ է բացում ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների համար: Ուստի, նրա կարծիքով, ԵԱՏՄ-ին անդամակցելը պետք է դիվիդենտներ բերի ոչ միայն տնտեսության, անվտանգության, այլ հումանիտար ոլորտներում. «ԵԱՏՄ հետագա զարգացման համար նաեւ հումանիտար համագործակցություն է անհրաժեշտ, այսինքն՝ կրթության, գիտության, մշակույթի եւ տեղեկատվության միասնական տարածքի ձեւավորում, որը հիմք կդառնա ընդհանուր աշխատաշուկայի ձեւավորման համար Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում: Սակայն ՀՀ կրթության ոլորտում պետական քաղաքականության ամենակարեւոր գերակայությունը պետք է լինի նաեւ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունը եւ մասնակից մյուս երկրների հետ համատեղ կրթական ընդհանուր տարածքի ստեղծումը: Դա հնարավորություն կտա, պահպանելով կուտակված դրական փորձը, բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը՝ տեղեկատվական հասարակության կրթության նոր նորարարական պարադիգմին համապատասխան: ԵԱՏՄ երկրների ինտեգրումը բարձրագույն կրթության ոլորտում, առաջին հերթին, պետք է օգնի դրանց դեռ ձևավորվող կրթական շուկայի ստեղծման հարցում, եւ, հետևաբար, երկրների միջեւ սերտ մտածված համագործակցության հաստատումն արդեն հրատապ անհրաժեշտություն է դառնում: Ավելին, եվրասիական գիտակրթական տարածքը հիմքում դառնում է տնտեսական համագործակցության ձեւավորման եւ ամրապնդման հիմք եւ կրթական ճգնաժամերը հաղթահարելու հնարավորություն է դառնում»:
Հայաստանը, ըստ նրա, որպես հետխորհրդային եւ եվրոպական բարձրագույն կրթության ավանդույթները համատեղող երկիր, ներկայումս բախվում է այն բարեփոխելու անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տնտեսության գործունեության նոր պայմանները. «Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից Հայաստանում կրթական համակարգում բավականին կրիտիկական իրավիճակ է ստեղծվել. երկրում կրթության համակարգի զարգացման ռազմավարական ուղղությունների գլոբալ տեսլականի բացակայության պայմաններում կրթության կառավարման համակարգ է ձեւավորվել, որը կարելի է «գործիքային» անվանել, որի շրջանակներում վայրկենական տեղական խնդիրների լուծմանն ուղղված մարտավարական կառավարչական որոշումներ են կիրառվում: Այլ կերպ ասած, կառավարման նման ռազմավարությունը պայմանականորեն կարելի է «անցքերի կարկատման» գործիքային ռազմավարություն կոչել: Այսպիսով, Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի ամենամեծ ռիսկային գործոնները երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ տնտեսական վիճակն են»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ