Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր էր երկու բան իմանալ. արյան խումբը և արդյոք ալերգիա չո՞ւնի դեղերից». պատերազմի օրերին կլինիկական օրդինատորը համալրել էր սպիտակ բանակի շարքերը՝ բուժօգնություն ցույց տալով հայրենիքի պաշտպաններին

Ապրիլ 26,2021 16:12

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես խաղաղ օրերին, այնպես էլ պատերազմի ընթացքում բժիշկները մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց առաքելությունը: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Մխիթարյանը պատերազմի օրերին համալրել էր սպիտակ բանակի շարքերը՝ բուժօգնություն ցույց տալով հայրենիքի պաշտպաններին:

Հարությունը պատերազմի առաջին իսկ օրվանից հերթապահություններ է կատարել շտապօգնությունում: «Շտապօգնության բրիգադներին ուղարկեցին Վարդենիս, որտեղ էլ ականատես եղա իրավիճակին, հաջորդ օրը մեկնեցի Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ պատրաստակամ օգնել ինչով հնարավոր է: Այնուհետև եկել եմ Երևան, քանի որ հիվանդանոցներում ևս ծանրաբեռնված էր: Շտապօգնության մեքենաներով հիվանդներ էինք տեղափոխում Ստեփանակերտի, Գորիսի, Վարդենիսի հոսպիտալներ»,-նշում է նա:

Ապագա մասնագետի խոսքով՝ բժշկի գործունեությունը տարբերվում է պատերազմի օրերին. «Պատերազմի ժամանակ բժշկի միակ նպատակը վիրավորի վիճակի կայունացումն է, որպեսզի բուժհաստատություններ տեղափոխելը հնարավոր դառնա: Այսպիսի վիրավորումներին երկար ժամանակ է պահանջվում բուժման համար: Մենք անամնեզ չէինք հավաքում, կարևոր էր երկու բան իմանալ. արյան խումբը և արդյոք ալերգիա չո՞ւնի դեղերից»:

Հարությունը նշում է, որ պատերազմը մեծ փորձ տվեց իրեն. «Այդ օրերը բառերով նկարագրելն անհնար է: Այդ ընթացքում ինչքան վատ բան ես տեսնում, այնքան ավելի ուժեղ ես դառնում և լավ աշխատում»:

Անդրադառնալով բժիշկ դառնալու որոշմանը՝ Հարությունը ընդգծում է, որ պատահական է ընտրել այս ուղին, թեև իրեն միշտ պատկերացրել է այս ոլորտում: «Բնավորությամբ շատ ակտիվ եմ, անընդհատ պետք է որևէ բանով զբաղվեմ: Սկզբում ցանկանում էի որպես մասնագիտացում ընտրել նյարդավիրաբուժությունը, սակայն հետագայում կանգ առա օրթոպեդիա նեղ մասնագիտության առաջ: Նպատակս է դառնալ վերտեբրոլոգ: Չէի կարող պատկերացնել, որ այս մասնագիտությունը այսքան շատ դուր կգա ինձ. մեկ անգամ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում տեսնելուց հետո միանգամից ցանկություն առաջացավ ընտրել այս ուղին»,-անկեղծանում է ապագա օրթոպեդը՝ շեշտելով, որ կան թե՛ լավ, թե՛ վատ մասնագետներ. լավ բժիշկ լինելուց բացի, պետք է լավ, հասարակ վերաբերմունք ցուցաբերել հիվանդի նկատմամբ, փորձել հասկանալ նրան:

Ամփոփելով զրույցը՝ Հարությունը նշում է՝ ազատ ժամանակ մասնակցում է վիրահատությունների՝ այդպես ավելի խորացնելով բժշկական գիտելիքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930