Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ապրիլի 26-ին հրավիրվել էր քննչական կոմիտե:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ավելի վաղ Քաջարանի համայնքապետը մեղադրվում էր խմբակային առևանգության գործով: Սակայն, դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունը, իսկ այժմ փոխել են մեղադրանքը:
«Ըստ նոր մեղադրանքի, այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանը իբր կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում: Հիմա, քանի որ մենք կալանքի հետ կապված քրեական գործի որոշ նյութերին ծանոթ ենք, կարող ենք փաստել հետևյալը, որ առհասարակ որևէ առևանգում տեղի չի ունեցել: Իսկ թե ի՞նչ կապ ունի Մանվել Փարամազյանը այդ ամեն ինչի հետ, մեզ անհասկանալի էր թե՛ դեկտեմբերին, թե՛ հիմա: Բացարձակապես պարզ չէ՝ ի՞նչ կապ ունի: Հիմա ակնհայտ է հետևյալը՝ դեկտեմբերին մեզ հրավիրելը և մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը: Հիմա էլ Ագարակում և Մեղրիում տեսել եք, դեպքեր են տեղի ունեցել, ջերմ ողջունել են վարչապետին սյունեցիները: Ու, չգիտես, թե ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ հրավիրել են, նոր մեղադրանք են առաջադրել, որը կապված է նույն դեպքի հետ»,- ասաց նա
Մանվել Փարամազյանը նշեց, որ սյունեցիները գործողությունների հետևանքների անմիջական կրողներն են: Իսկ նրանց միակ նպատակն է՝ գտնել լուծումներ այդ հետևանքները վերացնելու համար. «Այսօր թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի: Եվ կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչո՞ւ չէ նաև Հայաստանի Հանրապետության տակ: Չլինի Սյունիքը, ապա տապանաքար պետք է դնենք Հայաստանի Հանրապետության վրա: Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ, ու մեր լեզվով ասաց, ֆիտիլը վառել են ու այդ վառած ֆիտիլը գնում է, ու մի օր դա տրաքելու է: Ու դա տրաքելու է թե՛ մեր, թե՛ մեր սերունդի տակ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ