«44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո թերեւս առաջին անգամ սկսեցինք լրջորեն խորհել, թե ինչ փխրուն է այն խաղաղությունը եւ կայունության պատրանքը, որ մենք ունենք, եւ որքան արտաքին ուժգին սպառնալիքների եւ ներքին մարտահրավերների է դիմակայում մեր փոքրիկ պետությունը»,- այս կարծիքին է «Ինտեգրացիա եւ զարգացում» վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
«Ինտեգրացիա եւ զարգացում» վերլուծական կենտրոնի, Եվրասիական փորձագիտական ակումբի եւ Հայ-ռուսական համալսարանի համատեղ կազմակերպած «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանին» թեմայով գիտաժողովի ժամանակ, Արամ Սաֆարյանն ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ մասնագետները համակարծիք են` մեր անկախ պետականության ամրապնդման եւ կայունության հաստատման լավագույն ճանապարհը ավելի ակտիվորեն եւ կառուցողական մոտեցումներով ներգրավվելն է Ռուսաստանի գլխավորած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում. «Մի քանի տարի առաջ այս հարցով Հայաստանում արդեն ձեռք բերված ներքաղաքական կոնսենսուսը պետք է ոչ թե մանթրաների նման տարբեր ելեւէջներով անընդհատ կրկնել, այլ ունենալ այնպիսի աշխատունակ եւ կոմպետենտ կառավարիչներից բաղկացած կառավարություն, որը վերջապես իր գործողություններով կհամոզի հասարակությանը, քաղաքական վերնախավերին եւ գիտափորձագիտական հանրությանը, որ ի վիճակի է առավելագույնս օգուտներ քաղել եվրասիական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների տարբեր դրսեւորումներից»:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին էլ բանախոսն ասաց`Ռուսաստանը, որ գլոբալ առճակատման մեջ է Արեւմուտքի հետ, չի ուզում բախման գնալ Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի հետ. «Ընդհակառակը, Ռուսաստանում մտածում են օգուտներ քաղել այդ զուգահեռ ընթացող ինտեգրացիոն գործընթացների կառավարելի համատեղումից: Հայ ժողովուրդը երբեք չի շահել Ռուսաստանի եւ Թուրքիայի բախումներից եւ առնվազն հիմարություն է օգուտներ փնտրել ռուս-թուրքական հնարավոր նոր առճակատումներից: Պատմության դառը դասերը յուրացնելով մենք կառուցողական ոգեղեն բովանդակություն պետք է հաղորդենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացմանը, որովհետեւ միայն Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար աճող ներկայությունն է մեր երկրում ի վիճակի նվազագույնի հասցնելու թուրք-ադրբեջանական սպասվող տնտեսական, այնուհետեւ էլ քաղաքական էքսպանսիայի հետեւանքները: Եվրոպայի հետ մեր ինտեգրման կողմնակիցները պետք է իմանան, որ ընտրությունը, խոշոր հաշվով ոչ թե Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ է, այլ Ռուսաստանի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ