Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Սինեգուբով. ՌԴ-ն կշարունակի օրակարգ առաջ տանել`«ընդդեմ արեւմտյան գործընկերների էգոիզմի

Ապրիլ 26,2021 15:24

Աշխարհաքաղաքական արդի փոփոխությունների ֆոնին պետությունների ինքնիշխանության խնդիրն առավել արդիական է դառնում: Այս կարծիքին է Հայաստանում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Այսօր «Ինտեգրացիա եւ Զարգացում» վերլուծական կենտրոնի, Եվրասիական փորձագիտական ակումբի եւ Հայ-ռուսական համալսարանի համատեղ կազմակերպած «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներ եւ մարտահրավերներ մերօրյա Հայաստանին» թեմայով գիտաժողովի ժամանակ ռուս դիվանագետը կարծիք հայտնեց, որ առկա մարտահրավերները պետք է մղեն պետություններին՝ կրկնապատկելու իրենց ներուժը:

Նա խոսեց նաեւ տարբեր ինտեգրացիոն ծրագրերի մասին, որոնց արդյունավետությունն ակնհայտ է. «Եթե խոսենք ԵՄ-ի մասին, ապա այդ միությունում պետությունների սուվերենության մասին շատ պայմանական կարելի է խոսել»: Ըստ նրա, միության անդամ պետությունները առերեւույթ ինքնուրույնության ֆոնին, ստիպված են լինում իրականացնել Բրյուսելի ցանկությունները`դիմացը ստանալով որոշակի օգուտներ:

Ռուս դիվանագետի կարծիքով, 2020 թվականը եւ համավարակը ցույց տվեցին, որ փորձությանը կարողանում են դիմակայել միայն ինքնաբավ եւ հստակ ազգային շահեր հետապնդող պետությունները եւ ուլտրալիբերալ մոդելի արդյունավետության մասին միֆը հերթական անգամ ֆիասկո ապրեց: Ռուս դիվանագետը հավաստիացրեց`ՌԴ-ն, իբրեւ հիմնական խաղացող, կշարունակի առաջ մղել միասնական օրակարգ`«ընդդեմ արեւմտյան գործընկերների էգոիստական նկրտումների, որոնք ցանկանում են աշխարհն իրենց հարմարեցնել եւ փոխարինել միջազգային իրավունքը սեփական կանոններով`ձգտելով ոչնչացնել ազգային ինքնությունները»:

Այս առումով, ըստ նրա, ՀՀ-ն եւ ՌԴ-ն համագործակցության լայն դաշտ ունեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Գիտաժողովին ներկա ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմամբաեւն էլ հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը դինամիկ աճ է գրանցում: 2020 թվականին այն աճել է ավելի քան երկու անգամ`չնայած համաճարակով եւ այլ խնդիրներով պայմանավորված բարդություններին: Դեսպանի գնահատմամբ, հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունները զարգացման հեռանկար ունեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930