«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին եւ դրանում հնչեցված պատրաստակամությանը, բայց մենք կարեւորում ենք ոչ միայն խոսքերը, այլեւ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե իրենք հարգում են 1915թ․-ին զոհված հայերի հիշատակը եւ պատրաստակամ են զարգացնել կապերը Հայաստանի հետ՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ «Նախկինում էլ են եղել նման ուղերձներ, անգամ եղել է երկկողմ փաստաթուղթ, որը չի ունեցել դրական շարունակություն։ Մեզ համար գործերն են կարեւոր, ոչ թե խոսքերը, եւ ես վերահաստատում եմ դա»,-շեշտեց Արա Այվազյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությանը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին՝ Արա Այվազյանը հայտնեց․ «Որեւէ կոնսենսուս չկա այդ երկրին որեւէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը։ Դրանով սահմանափակվեմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ