ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների նամակ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարեւորեց փաստաթղթի ստորագրումը, որով, նրա խոսքով, վերահաստատվում է իրենց հաստատակամությունը, որ ցանկություն կա երկու երկրների միջեւ երիտասարդության եւ սպորտի բնագավառներում լինի աշխույժ համագործակցություն՝ հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները, վաղեմի սերտ կապերը երկու երկրների միջեւ, նաեւ այն, որ Լիբանանում հրաշալի հայկական համայնք կա:
Վարդինե Օհանյանը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ ստորագրված մտադրությունների նամակի կարեւորությունը: «Երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն արդեն իսկ պատմական է, եւ պետք է ամրապնդել համագործակցությունն ու բարեկամությունը»,-ասաց տիկին Օհանյանը:
Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարը հավելեց, որ իր համար հպարտություն է Հայաստանում ներկայացնել Լիբանանի Հանրապետությունը՝ Ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի ոգեկոչման առիթով: Նաեւ հույս հայտնեց, որ նամակին շատ արագ կհետեւեն գործնական քայլեր: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ խնդիրներ ունի Լիբանանի երիտասարդությունն այսօր, Վարդինե Օհանյանն ասաց, որ դրանք հիմնականում տնտեսական են, հավելեց, որ քաղաքական անկայուն իրավիճակը նույնպես իր անդրադարձն է ունենում երիտասարդության վրա, քանի որ նրանք զբաղվածության խնդիրներ են ունենում:
«Երիտասարդությունը, ցավոք, չի կարողանում իր ներուժը ծառայեցնել իր երկրի ներսում, այդ պատճառով հայացքն ուղղում է դեպի այլ երկրներ»,-ասաց Վարդինե Օհանյանը: Հավելեց, որ Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության գերխնդիրը լիբանանցի երիտասարդների արտագաղթի կանխումն է: Հույս հայտնեց, որ պայմանագիրը կգործնականացվի եւ ճանապարհներ կբացեն հայաստանցի երիտասարդների համար` Լիբանանում, լիբանանցի երիտասարդների համար` Հայաստանում:
Կարդացեք նաև
Տիկին Օհանյանը շեշտեց նաեւ երկու երկրների միջեւ փորձառությունների փոխանակման կարեւորությունը: Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ կապերը նոր չեն, եւ հիշեցրեց, որ վերջերս բասկետբոլի մրցաշար էր ընթանում Հայաստանում, որտեղ չեմպիոն դարձավ Լիբանանի թիմը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ