«Խիստ մտահոգիչ են նման զարգացումները։ Արդեն ականատես ենք եղել հայկական հուշարձանների ոչնչացմանը։ Դա արդարացնելու պաշտոնական հայտարարություններ են հնչում Ադրբեջանից»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացմանը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Հարցը մեր մշտական ուշադրության ներքո է։ Մեր միջազգային գործընկերները խիստ են քննադատել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը եւ դրանց ինքնությունը փոխելու Ադրբեջանի միտումները։ Այս հարցը նաեւ խաղաղ գործընթացի օրակարգում է, ինչի մասին են վկայել համանախագահները։ Աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ։ Այսօր շատ կարեւոր է միջազգային հանրության մոտ բարձրաձայնել խնդիրը։ Մեր գերատեսչությունը հետեւողական է աշխատում։ Մեկ օրինակ ասեմ։ Ապրիլի 24-ին բացվեց «Արցախ․ վտանգված ժառանգություն» ցուցահանդեսը, որին մասնակցել են ՀՀ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունները Երեւանի քաղաքապետարանում»,-հավելեց ԱԳ նախարարը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ