Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը, որը պատահական հայտնվել է դատական իշխանությունում, ոնց հայտնվել է պատահական, այդպես պատահական էլ պետք է դուրս գա». Վլադիմիր Վարդանյան

Ապրիլ 26,2021 13:25

«Ես երբեք չեմ ունեցել օտարերկրյա քաղաքացիություն, երբեք չեմ աշխատել որեւիցե օտարերկրյա կազմակերպությունում, երբեք չեմ ֆինանսավորվել որեւիցե օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կողմից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Լրագրողները հարցրեցին՝ դուք տվել էք խոստումներ, հեղափոխություն եք արել եւ հեղափոխական խոստումները մասնավորապես  դատաիրավական համակարգում չեն եղել, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք՝ վեթինգը չարեցիք, դատավորների բարեվարքությունը չարեցիք, ո՞րն եք համարում այս 3 տարիների դատաիրավական համակարգի բարեփոխումը: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք չեք հետեւել այն բարեփոխումներին, որոնք տեղի են ունեցել: Նախ, դատական իշխանությունը ապաքաղաքականացված իշխանության ճյուղ է: Երկրորդը՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումները շինարարություն չի, որ առավոտ զարթնեք, տեսնեք շենքը կառուցվել է: Դրանք պահանջում են անընդհատ բարեփոխումներ: Առնվազն ընդունվել են մի շարք փաթեթներ, ձեւավորվելու է հակակոռուպցիոն կոմիտե, վերափոխվել է ԲԴԽ-ն: ԲԴԽ-ն շարունակում է իր աշխատանքները բավականին ակտիվ: Մենք ընդլայնում ենք դատավորների թիվը: Ասել, որ ոչինչ չի արել՝ սխալ է: Իհարկե, այն անձանց սպասելիքները, որոնք սպասում են, որ ՀՀ-ում ալբանական եղանակով իրականացվելու է վեթինգ, որի արդյունքում երկիրը մնալու է առանց դատական համակարգ, բանտերը լցված են լինելու մարդկանցով ու ամեն օր սպասելու են իրենց նկատմամբ կայացվելիք դատավճռին, ապա դա չի լինելու: Իմ կարծիքով, դա ճիշտ որոշում էր»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք վեթինգի խոստում տվել՝ Վարդանյանը պատասխանեց, որ վեթինգ արվում է, բայց այն հիմունքներով, որ որեւիցե մեկը մի փուլում պատահաբար չհայտնվի կամ չմնա դատական համակարգում. «Դատավորը, որը քաղաքական պատվեր է իրականացնում, դատական ակտ է կայացնում՝ առաջնորդվելով անձնական շահագրգռվածությամբ, այդ մարդն իրավունք չունի կոչվի դատավոր եւ այդ մարդը դատական իշխանությունից պետք է դուրս մղվի: Դրա համար կան ընթացակարգեր…Այն անձը, որը պատահական հայտնվել է դատական իշխանությունում, ոնց հայտնվել է պատահական, այդպես պատահական էլ պետք է դուրս գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930