Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ,Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր, գնդապետ Հադեմ Պաշաթը
Պատիվ ունեի մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, տարելից, որ հիշեցում է՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականին հայ ժողովրդի և մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների:
Չնայած Հայաստանի այս գեղեցիկ հողի վրա, իր հյուրընկալ ժողովրդի մեջ գտնվելու հաճույքին և ուրախությանը, ես խորը վիշտ և ցավ զգացի, երբ Ցեղասպանության թանգարան կատարած այցի ժամանակ տեսա, թե ինչ սարսափելի գործողություններ են իրականացվել նրանց դեմ 1915 թվականին, ես զգացի և տեսա ցավը, որ արտացոլված էր նրանց դեմքերին՝ հուշահամալիրում:
Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը, նրանց ցավը նորանում է:
Որպես եգիպտացի, և ինչպես բոլոր եգիպտացիները, ես աղոթում եմ ամենակարող Աստծուն, որ գալիք տարիները խաղաղություն, երջանկություն և բարգավաճում բերեն Հայաստանին:
Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ կոալիցիա կազմել՝ հատուցելու և արդարություն բերելու հայ ժողովրդին, որը 106 տարի տառապել և կրել է իր նկատմամբ այս անմարդկային հանցագործության հետևանքները, ու կանխելու մարդկության դեմ ապագա հանցագործությունները:
Գնդապետ Հադեմ ՊԱՇԱԹ
Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ
Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր