Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ արդեն նշել էինք՝ Թալեաթ փաշայի գործը Գերմանիայում պահվող արխիվում միտումնավոր վնասված վիճակում է գտնվում։
Թալեաթի սպանությանն անդրադարձել են ժամանակի բոլոր թերթերը՝ «Թայմս»-ից մինչեւ «Ֆիգարո», գերմանական տասնյակ թերթեր, որոնք պարունակում են իրարամերժ տվյալներ։
8 Uhr Abentsblatt-ը՝ «Հայրեն՝ երեկոյան ժամը ութի նորություններ» թերթը գրում է իր առաջին էջում, մեծ վերնագրով գուժելով՝ Մեծ Վեզիր Թալեաթը սպանվել է։ Սպանողը հայ ուսանող Թեհլերյանն է։ Հոդվածից մասնավորապես իմանում ենք, որ Թալեաթը Ալի Սայիդ Բեյ ծածկանվամբ արդեն երկու տարի բնակվում էր Հարդենբերգ շտրասսե 2 հասցեում գտնվող ինը սենյականոց բնակարանում, որը պատկանում է օրիորդ Գեմպերին, եւ իմանում այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են օրիորդ Գեմպերի զբաղմունքը եւ այն փաստը, որ մինչ այդ բնակարանը օգտագործում էր որպես պանսիոն։
Թալեաթը բնակվում էր գեղեցկադեմ երիտասարդ կնոջ հետ, զույգը երեխաներ չուներ… էջի կեսը նվիրված է սպանությանը, զարմանալ կարելի է, թե ինչպես են հասցրել այդքան ինֆորմացիա հավաքել, պատրաստել ու տասնյակ հազարավոր տպաքանակ ունեցող թերթում լուսաբանել նույն օրը առավոտյան կատարված դեպքը։ Արդեն հաջորդ օրը նկարագրվում է, որ Թեհլերյանը տեղափոխվել է ոստիկանությունից նախնական կալանքի վայր, որ նրան մեղադրանք է առաջադրվել, որ երկու թարգմանիչ է հրավիրվել գերմաներենից հայերեն արագ թարգմանության համար։
Կարդացեք նաև
Berliner Local anzeige թերթը մարտի 15-ի համարում իր փոքրիկ «Սպանություն օրը ցերեկով փողոցում օտարերկրացի ուսանողի կողմից» հոդվածում գրում է, որ այսօր ժամը 12-ի մոտ երկու պարոն ճեմում էին միասին Հարդենբերգ փողոցով։ Համար 17 շենքի մոտ տարիքով ավելի երիտասարդը ետ մնաց տարեց պարոնից ու մեջքից կրակելով՝ նրա գլխին իր մոտ եղած ռեւոլվերով սպանեց նրան։ Մարդասպանը դեն նետեց ատրճանակը ու փախավ Ֆազանեշտրասսե փողոցով, բայց հանրության կողմից բռնվեց ու հանձնվեց ոստիկանությանը։ Միանգամից տեղեկացված կրիմինալ ոստիկանությունը շտապ կարգով սպանությունը քննող հանձնաժողով կազմեց ու ժամանեց հանցագործության վայր։ Մարդասպանը նախ Կենդանաբանական այգուն կից ոստիկանության բաժանմունք բերվեց, ապա այնտեղից՝ Մոմսենշտրասսեում գտնվող ոստիկանության բաժանմունք։ Մարդասպանը Պարսկաստանում 1897 ծնված Սողոմոն Թեհլերյանն է, ով բնակվում է նույն Հարդենբերգ շտրասսե 2 հասցեում։ Նա կոտրտված գերմաներենով բացատրում էր, որ ինքն է սպանություն կատարողը՝ բառացի ասել է. «Ես օտարերկրացի, նա օտարերկրացի: Գերմանիան այստեղ կապված չէ»։ Նա պահանջեց թարգմանիչ՝ սպանության դրդապատճառները ներկայացնելու համար։ Թեհլերյանի գրպանում հայտնաբերվել է 12 000 մարկ գումար թղթադրամներով։
Սպանվողի ինքնությունը դեռ պարզված չէ։ Նա օտարերկրացի է։ Ոստիկանությունը սպասում է թարգմանչի ժամանմանը՝ սպանության մանրամասները պարզելու համար։
Հաջորդ օրը թերթը հերքում է իր գրածը՝ նոր մեծ հոդվածով զետեղված արդեն առաջին էջում։ Սպանվողը Թալեաթն է, նա 1919-ի հոկտեմբերից բնակվում է նշված հասցեում, գրանցված է՝ որպես վաճառական Ալի Սայիդ Բեյ, հարեւանների հետ չի շփվել, բնակարանից դուրս է եկել հազվադեպ, կապված է եղել միայն իր համերկրացիների հետ։ Երեկ նա սպանվել է տնից 200 մետր հեռավորության վրա զբոսանքի ժամանակ, երբ նրան է մոտեցել մի երիտասարդ։ Թալեաթը շատ ջերմ ողջունել է երիտասարդին, ինչպես հին բարեկամ, ձեռքով երկու անգամ խփել է ուսին ողջունելու ժամանակ եւ ցանկացել շարունակել խոսակցությունը միասին քայլելու ընթացքում, բայց երիտասարդը ետ է մնացել ու կրակել Թալեաթի գլխին, փամփուշտը անցել է ետեւից եւ դուրս եկել աջ աչքի մոտից, Թալեաթը տեղում մահացել է։ Նրա մոտ հայտնաբերվել է միայն դաշույն Ալի Սայիդ Բեյ անունով մակագրությամբ եւ 1200 մարկ թղթադրամ։ Սպանության վայրում հայտնաբերված ատրճանակում առկա է եղել դեռ 8 փամփուշտ։ Թալեաթի կինը սպանության ժամանակ չի եղել նրա հետ, այլ եղել է տանը եւ սպանության մասին իմանալով՝ նյարդային ցնցում է ապրել եւ առ այսօր չի կարողանում ոստիկանությանը ցուցմունք տալ։
Մարդասպանը բերվել է Շառլոտտենբուրգի ոստիկանական բաժանմունք, որտեղ չի կարողացել ցուցմունք տալ՝ գերմաներենին չտիրապետելու պատճառով: Նա 1897թ. ապրիլի 2-ին Պարսկաստանի Սալմաստ քաղաքում ծնված հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանն է, ով բնակվել է նույն փողոցում։ Նա այս տարվա հունվարին Ժնեւից տեղափոխվել է Բեռլին։ Անձը հաստատող փաստաթղթերը ստացել է Փարիզում։ Թեհլերյանի գրպանում հայտնաբերվել է մոտ 11000 մարկ թղթադրամ։ Սպանության դրդապատճառները Թալեաթի քաղաքական գործունեության մեջ են։
Բոլշեւիկյան «Պրավդա» թերթը, որ այդ ժամանակ հրապարակվող թերթերից ծավալով ամենափոքրն ու տպագրության տեսակետից ամենաանորակն էր, նույնպես անդրադարձել է Թալեաթի սպանությանը «Մարտի 17-ի իր նորություններ Գերմանիայից» բաժնում. «Ինչպես հաղորդում է «Ռադիո Նաուեն»-ը, մարտի 13-ին (հավանաբար տպագրական սխալ է, քանի որ մինչ այդ խոսվում է այն ժամանակ Ռայխստագի առջեւ գտնվող Հաղթանակի սյան տակ դրված ռումբի հայտնաբերման մասին, որ նույնպես մարտի 15-ին է տեղի ունեցել) Բեռլինում սպանվել է Թալեաթ Փաշան։ Սպանությունը կապված է Թալեաթի կազմակերպած վայրագությունների հետ: Սպանողը հայ Թեհլերյանն է, ով հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով եւ քանի որ ոչ ինքը, ոչ Թալեաթը Գերմանիայի քաղաքացիներ չեն, ապա նա հույս ունի, որ իրեն պարզապես երկրից կարտաքսեն։ Եվ անսպասելի տեսնում ենք սպանության մեկ այլ մոտիվ՝ հնարավոր է, որ սպանությունը տեղի է ունեցել ռոմանտիկ դրդապատճառներով՝ կապված Թալեաթի երիտասարդ կնոջ հետ»:
Նույնն է կրկնում Բեռլինում լույս տեսնող ռուսական տարագիրների պաշտոնաթերթը՝ «Руль»-ը, որը տպագրվում էր երկու օրը մեկ եւ չէր հասցրել արագ կրկնօրինակել «պաշտոնական տեսակետը». «Երեքշաբթի իր բնակարանում սպանվել է նախկին թուրքական մինիստր Թալեաթ Փաշան։ Սպանությունը կատարվել է հայի կողմից»։ Ինչպես նկատում եք՝ արդեն սպանության վայրը փոխվեց։
Այս նույն ինֆորմացիան ենք գտնում Neue Proisiche Zeitung օրաթերթի առաջին, դեռ պաշտոնական տեսակետին չհամապատասխանեցրած հրապարակման մեջ՝ «Ըստ Ռայխստագում տարածվող լուրերի՝ Թալեաթ Փաշան սպանվել է Հարդենբերգ շտրասսեի վրա գտնվող իր բնակարանում։ Ըստ շրջանառվող մյուս լուրերի՝ Թալեաթը կարողացել է փախչել Բեռլինից»…
Այստեղ մեր ուսումնասիրությունում սկսվում է ամենահետաքրքիրը՝ ինչո՞ւ պիտի Թալեաթի մասին ինֆորմացիան ակտիվորեն քննարկվեր Ռայխստագում, հատկապես որ, պաշտոնական Բեռլինն աշխատում էր իրեն հեռու պահել Թալեաթի անձից, չվերադարձնելով նրան Օսմանյան կայսրությանը, ուր նրան, դատարանի որոշմամբ, սպասում էր կախաղանը։
Պարզվում է՝ մարտի 15-ին Ռայխստագում սկսվել էր աշխարհում երբեւէ չլսված, պատմության մեջ ամենամեծ ռազմատուգանքի քննարկման հարցը։ Ըստ Վերսալի պայմանագրի 232-րդ կետի՝ Գերմանիան պարտավորվում էր ռազմատուգանք վճարել 180 միլիարդ ոսկե մարկ քանակով, որից 20 միլիարդ ոսկե ռայխսմարկ պիտի վճարեր մինչեւ մայիսի 1-ը: Մեկ ոսկե ռայխսմարկը պարունակում է 0.358 գրամ մաքուր ոսկի, այսինքն՝ հաղթող պետությունների պահանջը 65 000 տոննա ոսկին էր: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի ոսկու ողջ ռեզերվը պատերազմի սկզբում կազմել է 1311 տոննա ոսկով կամ 60 միլիարդ դոլար այսօրվա փողով։ Այսինքն, ռազմատուգանքի պահանջը ցարական Ռուսաստանի ոսկուց հիսուն անգամ շատ ոսկու պահանջ էր……Ամբողջ աշխարհի ոսկին, երբեւէ հանքերից ստացված, գնահատվում է այս թվից ընդամենը երեք անգամ ավելի:
Բնականաբար, Գերմանիան պարտավոր չէր միայն ոսկով վճարել, հաշվեկշռի մեջ էին մտնում գերմանական ռազմական նավատորմը, որ ամբողջությամբ բռնագրավվել էր Անգլիայի կողմից, արդյունաբերական ապրանքներ եւ այլն, բայց ոսկին, որն օդի ու ջրի նման անհրաժեշտ էր արդյունաբերական հեղափոխություն կատարող երկրներին, նույնպես պիտի վճարվեր։ Գերմանիան չուներ ոսկի, բայց ուներ Թալեաթին, որը լինելով ներքին գործերի նախարար, հավաքել էր եւ Պոլսից փախչելով՝ իր հետ գնացքներով եւ ռազմանավերով բերել էր Հայոց ցեղասպանության ժամանակ մեզնից հափշտակած ոսկին ու թանկարժեք իրերը։
Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունենում։ Ամբողջ աշխարհով փնտրվող Թալեաթ փաշան պահանջում է, եւ վերը նկարագրվող դեպքերից քսան օր առաջ ստանում հանդիպում Անգլիայի ԱԳՆ նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Օբրի Հերբերտի հետ, մարդ որին ժամանակին առաջարկում էին դառնալ Ալբանիայի թագավորը։
Կարճ մեջբերեմ Թալեաթին նվիրված հոդված Վիկիպեդիայի անգլերեն մասից՝ հայերենում այս կտորը բացակայում է։
Վերջին պաշտոնական հարցազրույցը, որը տվել է Թալեաթը, եղել է բրիտանական հետախուզության գործակալ Օբրի Հերբերտին. «Օբրին սկզբում հրաժարվել է հանդիպել Թալեաթին, բայց 1921 թվականի փետրվարին այդ ժամանակ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բազիլ Թոմսոնը համոզեց նրան հարցազրույց անցկացնել Թալեաթ փաշայի հետ: Հարցազրույցը մասամբ անցկացվել է գերմանական Համմ փոքրիկ քաղաքում, այնուհետեւ նաեւ Դյուսելդորֆում: Հարցազրույցը Թալեաթի համար հնարավորություն էր բացատրելու վերջին 10 տարիների ընթացքում Օսմանյան կայսրության քաղաքականությունը»:
Ի՞նչ է նշանակում երեք օր տեւած հարցազրույց։ Տեղի է ունեցել պարզապես հանդիպում երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ, ավելի ճիշտ՝ անզիջում ԱՌԵՎՏՈՒՐ։ Թալեաթը պահանջել է իջեցնել ռազմատուգանքի չափը՝ սպառնացել հրապարակել անգլիացիների մասնակցությունը ցեղասպանության գործընթացի մեջ, իսկ Օբրին փորձել է հասկանալ՝ ինչքան հեռու է պատրաստ գնալ Թալեաթը։
Քանի որ հանդիպման մասին իմացել են շատերը, ապա թաքցնել այն՝ իմաստ չի ունեցել եւ Օբրին չորս տարի հետո ԱՄՆ-ում հրատարակել է բանակցությունների մի մասը, բնականաբար, անկարեւոր մասը։
Արդյունքում մարտի 15-ին Թալեաթը դուրս է գալիս խաղից, Անգլիան նվազեցնում է ռազմատուգանքը 180 միլիարդից 120 միլիարդի, որի մի մասը վճարելուց հետո Գերմանիան արդեն Հիտլերի ժամանակ դադարում է վճարումներ կատարել: Լինում է Երկրորդ համաշխարհայինը, որի պարտությունից հետո, ըստ Անգլիայի պահանջի, նոր ռազմատուգանքներ չեն նշանակվում, այլ բավարարվում են միայն բնամթերքով ու արդյունաբերական ապրանքներով վերցնել Գերմանիայից ռազմատուգանքը, հիսունականներին պարտքը կրճատվում է երկու անգամ՝ դառնալով 60 միլիարդ, որը Գերմանիան վճարեց մինչև 2017թ։
Այսինքն, հայկական հարստությամբ, որը կուտակվել էր հազարամյակների ընթացքում, մի պետություն վճարում է մյուս պետությանը ռազմատուգանք…
Այո, Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան չի կարող վերադարձնել Ցեղասպանության ընթացքում ողջակիզված մեր հայրենակիցների կյանքը, միջազգային օրենքներով շատ դժվար է, եթե չասենք անհնար՝ հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային, բայց անշարժ և շարժական գույքի փոխհատուցում Թուրքիայից կարելի է պահանջել։
Ահա ինչպիսին պիտի լիներ մեր ԱԳՆ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, ամեն միջազգային հանդիպումների ժամանակ պիտի Թուրքիայի առջև դրվեր փոխհատուցման հարցը, այնպես, որ հայ դիվանագետի անուն լսելիս թուրք դիվանագետները փախչեին միջազգային հանդիպումներից, ոչ թե հերթական լացը դնել, թե Ադանայում կտրեցին այսքան մարդու գլուխ, իսկ Տրապիզոնում այսքան հայի գցեցին ծովը՝ հանցագործություններ, որոնց վնասները Թուրքիան չի կարող վերականգնել, այլ պահանջել ֆինանսական փոխհատուցում՝ ոսկով։
Լրանում է Թալեաթ-Օբրի հանդիպման հարյուր տարին, դրանից հետո պաշտոնական արխիվները բաց են, ինչից հետո կարելի է ամբողջացնել ու առարկայացնել Թուրքիային ներկայացվելիք վնասների փոխհատուցման ծավալը։
Չի բացառվում, որ հենց այս վճռորոշ պահին որոշ միջազգային ուժեր բերել են Նիկոլին հայ ժողովրդին պարտությունների դուռը հասցնելու և Ցեղասպանությունը ուրանալու համար, որ մեկընդմիշտ փակեն իրենց համար այս ցավոտ խնդիրը, հակառակ դեպքում ստացվում է, որ այն ամենը, ինչ իրենք ունեն, ինդուստրալիզացիայի այն հաջողությունները, որ իրենք ձեռք են բերել վերջին հարյուր տարվա ընթացքում, արվել են նաև մասամբ մեր ժողովրդին պատկանող միջոցներով, որոնք օգտագործվել են որպես նախնական կապիտալ արդյունաբերական թռիչքներ գրանցելու համար։
Արդարության առաջ չմեղանչելու համար ասենք, որ մեր ոչ բոլոր պատմաբաններն ու ցեղասպանագետներն են, որ միտումնավոր աչք են փակում հայկական ոսկու գոյության և այն ետ պահանջելու հարցի վրա։ Օրինակ, դոկտոր Տիգրան Սարուխանյանը, ով Ցեղասպանության ինստիտուտի առաջին ցեղասպանագետներից է եղել, աշխատելով Լոնդոնի արխիվներում՝ կարողացել է գտնել հայկական ոսկու մի փոքրիկ փշրանք, հինգ միլիոն ոսկեդրամ արժեքով, որի մասին խոսել է Ֆ. Նանսենը՝ պահանջելով այդ գումարը Ազգերի Լիգայի միջոցով հայ փախստականների օգնության համար։
Արդյունքում՝ Տիգրան Սարուխանյանին հենց Լոնդոնում մեքենայով վրաերթի են ենթարկում, դարձնում անդամալույծ, իսկ հետագայում, Հայաստանում ամեն միջոցով փորձում հեռացնել գիտությունից։ Կան հերոսներ, որոնք չերևացող ճակատում պայքարում են ազգի շահերի համար, այլ ոչ թե մի քանի միլիոնով վաճառում իրենց, իրենց երկրի շահերը հայ ժողովրդի անցյալը թշնամի երկրների հատուկ ծառայություններին։
Իսկ վերադառնալով Թալեաթին՝ ասեմ իմ կարծիքը, որպես գիտնական՝ դժվար թե Գերմանիայում աչքի լույսի պես պահվող Թալեաթը, որի ցուցմունքը Անգլիայի դեմ կարող էր միլիարդներ արժանանալ, որին մի կողմից պահում էին գերմանացիները, իսկ մյուս կողմից՝ ուզում ոչնչացնել անգլիացիները, հենց մարտի 15-ի վճռորոշ օրը որոշեր միայնակ դուրս գալ իր Հարդենբերգ փողոցում գտնվող բնակարանից զբոսնելու, կամ ինչպես այլ աղբյուրներն են նշում՝ ձեռնոցներ գնելու համար։
«Ձեռնոցներ» պատահական չի նշվում, մասոնական սովորության համաձայն՝ մասոն ընկերները մահացած ընկերոջ հետ ձեռնոցներ պիտի դնեն, որպես հավերժ միության նշան։
Նույն տրամաբանությունից ելնելով, 1921թ. մարտի 19-ին Թալեաթի թաղումը Բեռլինի Սուրբ Մաթեոսի հին գերեզմանատանը, ուր թաղված են, օրինակ, Գրիմ եղբայրները, չի անցել մասոնական աշխարհում գրաված բարձր դիրքին համապատասխան, իսկ այ, 1943թ. նրա թաղումը Պոլսում և գերեզմանը լրիվ համապատասխանում են մասոնական ծեսին։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ Թալեաթը ապրել է մինչև ծերություն և մահացել կամ բնական մահով, կամ արդեն սպանվել 1943-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հաղթող ուժերի ձեռքը չընկնելու համար…
Հստակ կրկնելով, որ հայ ժողովրդի և նրա ամեն զավակի ոչ միայն իրավունքն էր, այլ նաև պարտականությունը պատժել մարդկության դեմ ամենամեծ հանցագործություններից մեկի իրագործողներին, բայց նրան մանրամասն քննելուց ու բոլոր մեղավորներին հայտնաբերելուց հետո:
Սադոյան
պրոֆեսոր, Բեռլին
«Առավոտ» օրաթերթ
24.04.2021