Կարծում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մեկնարկել է նոր ծրագիր: «Ինչպես գիտեք, Հայաստանում ֆրանսիական համալսարանն առաջին բուհն էր, որը բանակից վերադարձածների վերաինտեգրման ծրագիր սկսեց: Պատերազմը սկսելուց տասնհինգ օր հետո մենք երեք սցենարի շուրջ մտածեցինք, թե ինչպես կարող ենք օգնել բանակից վերադարձած մեր ուսանողներին՝ ուսումնական պրոցեսում վերաինտեգրվելու համար: Պատերազմից հետո կամավոր զինվորագրված մեր 12 ուսանողներին փորձեցինք աջակցել վերաինտեգրման հարցում: 12-ից 11-ը հաղթահարեցին առաջին կիսամյակի քննությունները: Նրանց համար հատուկ քննություններ կազմակերպված չէին, նրանք հանձնեցին քննությունները, ինչպես մյուս ուսանողները, եւ միայն մեկն անհաջող հանձնեց»,-հայտնեց ՀՖՀՀ-ի ռեկտորը:
«Այս ծրագիրը ներդնելուց հետո մտածեցինք, թե ընդհանրապես ինչ կարող ենք անել այն ուսանողների համար, որոնք վերադառնում են զինվորական ծառայությունից: Ամեն կիսամյակ մոտ 20 ուսանող է վերադառնում զինվորական ծառայությունից: Ինքներս մեզ հարց տվեցինք՝ ի՞նչ կարող ենք անել այս երիտասարդներին օգնելու համար: Բնականաբար, մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները մեկնում են ծառայության եւ կատարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, դրա համար էլ ցանկանում ենք իրենց օգնել՝ վերադառնալու ուսումնական կյանք: Առաջին բանը, որ արեցինք, նրանց գնահատականներն ուսումնասիրելն էր: Փաստացի, դրանք ցույց են տալիս, որ ծառայությունից վերադարձած երիտասարդները որոշակի դժվարություններ ունեն կրթությանը վերաինտեգրվելու առումով:
Կարդացեք նաև
Օրինակ՝ տեսանք, որ Կառավարման ֆակուլտետում ծառայությունից վերադարձած 10 ուսանողից 6-ը կենտրոնացման խնդիր ունեն: Դրա համար քննարկում կազմակերպեցինք ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանի, դեկանների, զարգացման գծով պատասխանատուի, ամբիոնի վարիչների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել ուսանողներին: Շատ կարեւոր է նշել, որ ուսումնական կյանքին վերաինտեգրվելու այս խնդիրը միայն Հայաստանին չէ բնորոշ, այն առկա է ողջ աշխարհում: Սակայն այս թեմայի մեջ կարեւոր է այն փաստը, որ սա նաեւ հայ հասարակության համար կարեւոր մարտահրավեր է: Եթե նայենք Հայաստանում բարձրագույն կրթության վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ մագիստրատուրայում սովորող տղաների թիվը 28% է, ու մեծամասնությունը աղջիկներ են: Հայաստանում ֆրանսիական համալսարանում այն մտքին ենք, որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում պարտադիր է բոլոր տաղանդներին բացահայտելը:
Իհարկե, հպարտ ենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների մեծ մասն աղջիկներ են, եւ կարծում ենք, որ մեր համալսարանը կանանց վերնախավ է կրթում Հայաստանում, բայց միաժամանակ ուզում ենք, որ տղաները եւս հաջողությունների հասնեն, եւ տանք նրանց բոլոր հնարավորությունները դրա համար»,-ընդգծեց Բերտրան Վենարը:
«Ի՞նչ է տեղի ունենում UFAR-ում այս առումով. ուսանողն ընդունվում է, սովորում, մեկնում է ծառայության, վերադառնում է ծառայությունից, դժվարությունների հանդիպում ու չի շարունակում իր կրթությունը մագիստրատուրայում: Այս պարագայում մեր դերն է օգնել այս երիտասարդներին հաջողությամբ ավարտել բակալավրիատի ծրագիրը եւ հնարավորություն ու ցանկություն ունենալ մագիստրատուրա ընդունվելու: Ֆրանսերենում այս ծրագիրը կոչվում է PREMS. սա հապավում է, որը բացվում է այսպես՝ ծառայությունից վերադարձած ուսանողների վերաինտեգրման պլան դեպի հաջողություն, բայց PREMS բառը ֆրանսերենում ունի մեկ այլ նշանակություն՝ առաջինը, ամենալավը: Նախագիծը մի քանի փուլից է բաղկացած, որոշ փուլեր զուգահեռ են ընթանում: Այժմ ամենասկզբնական փուլում ենք գտնվում: Առաջին փուլն է՝ աշխատել ուսանողների հետ իրենց կրթական եւ մասնագիտական ծրագրի վրա, որովհետեւ ծառայությունից վերադառնալիս գուցե ուսանողը մոռացել է, թե ինչի համար էր այդ ֆակուլտետ ընդունվել: Հնարավոր է նաեւ, որ այդ երկու տարիների ընթացքում ուսանողը շատ նոր բաներ է սովորել եւ այժմ ցանկանում է այդ հմտությունները կիրառել, այնպես որ, կարեւոր է նորից վերանայել իր մասնագիտական կրթական ծրագիրը, նախագիծը, նպատակները»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, պարոն Վենարի խոսքով, այս փուլում ուսանողներին սովորեցնում են համալսարանում աշխատելու մեթոդիկան եւ սթրեսի կառավարումը: Իսկ հաջորդ փուլը լեզուների ուժեղացված դասընթացներն են:
Զարուհի Սողոմոնյանն էլ հավելեց, որ լեզուներից առավել կարեւոր են բոլոր մասնագիտական առարկաները, որովհետեւ հիմնականում բարդությունները ծագում են, երբ ծառայությունից վերադարձած երիտասարդները բազային տարրեր են մոռացած լինում: «Մենք դեկանների հետ համատեղ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հավելյալ դասընթացներ կազմակերպվեն ուսանողների համար, բնականաբար՝ ոչ թե ողջ ծավալով, այլ ավելի անհատական դասընթացներ, որտեղ իրենք կստանան առաջադրանքներ, կընթերցեն դրանք, հետո դասախոսի հետ միասին քննարկումների, գործնական մոտեցման շնորհիվ կկարողանան ծածկել այն բացը, որը գոյացել է երկու տարիների ընթացքում: Մասնագիտական առարկաները նախապայման են, որպեսզի իրենք կարողանան ավելի լավ պատկերացնել երկրորդ կիսամյակի առարկաները»,- նշեց ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրենը:
«Ամենադասական տարբերակը մեր համալսարանի դեպքում այն է, որ սովորաբար ուսանողն ընդունվում է համալսարան, լեզուներ է խորացված սովորում առաջին կուրսում, հետո մեկնում է ծառայության, սակայն վերադառնալիս թե սովորելու տեխնիկան է մոռացած լինում, թե լեզուները: Ի դեպ, երբ մենք 20 ուսանողի հրավիրեցինք այս թեմայի շուրջ խոսելու, բոլորը եկան, ինչը ցույց է տալիս, որ նրանք ունեին մոտիվացիա, եւ անհրաժեշտությունն իսկապես կար նման ծրագրի»,-փաստեց ռեկտորը: Հավելեց, որ այս նոր, խոստումնալից նախագծով ՀՖՀՀ-ն եւս մեկ անգամ ցույց է տալիս հանուն երիտասարդների ներդրումներ կատարելով` Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու իր պատրաստակամությունը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.04.2021