Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների հողը» ֆիլմը, իսկ դրա ռեժիսոր Խլոյե Չժաոն արձանիկ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար: Նա փաստորեն դարձել է այդ անվանակարգում արձանիկ ստացած ռասսայական փոքրամասնության միակ կին ներկայացուցիչը և Օսկարի պատմության մեջ արձանիկ ստացած ընդամենը երկրորդ կին ռեժիսորը: Առաջինը Քեթրին Բիգելոուն էր, որը մրցանակ էր ստացել 2009թ. «Փոթորկի տիրակալը» ֆիլմի համար:
Տղամարդու լավագույն դերի համար «Օսկարը» ստացել է 83-ամյա Էնթոնի Հոփկինսը՝ «Հայրը» ֆիլմում դեմենցիայով տառապող տղամարդուն մարմնավորելու համար: Այդպիսով, Հոփկինսը դարձել է պատմության մեջ Օսկարի արժանացած ամենատարեց դերասանը: Արարողությանը դերասանը չի մասնակցել: Նրա անունից արձանիկը վերցրել է Խոակին Ֆենիքսը:
Բոլոր անվանակարգերը.
Լավագույն ռեժիսոր – «Խլոյե Չժաո («Քոչվորների հողը»)
Կարդացեք նաև
Լավագույն ֆիլմ – «Քոչվորների հողը»
Լավագույն կնոջ դեր – Ֆրենսիս Մաքդորմանդ («Քոչվորների հողը»)
Լավագույն տղամարդու դեր – Էնթոնի Հոփկինս («Հայրը»)
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր – Դենիել Կալուա («Հուդան և սև մեսիան»)
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր – Յուն Յո-ջոն («Մինարի»)
Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Մի հատ էլ» (Another round), ռեժիսոր՝ Թոմաս Վինետերբերգ, Դանիա
Լավագույն օրիգինալ սցենար– Էմերալդ Ֆեննել («Հույս ներշնչող աղջիկը»)
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ – «Երկու հեռավոր անծանոթ»
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ – «Եթե ինչ-որ բան պատահի, ես սիրում եմ ձեզ»
Լավագույն ադապտացված սցենար – «Հայրը» , ֆրանսիացի գրող և դրամատուրդ Ֆլորիան Զելլեր
Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Հոգին»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Կոլետ»
Լավագույն վավերագրական ֆիլմ – «Իմ ուսուցիչ-ութոտնուկը»
Մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար փետրվարի 28-ին, սակայն համավարակի պատճառով տեղափոխել էին ապրիլի 25-ին: Այն աշխարհում սկսված համավարակից հետո առաջին այդ մասշտաբի ոչ վիրտուալ միջոցառումն էր:
Այս տարի կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը ոչ թե տեղի է ունեցել Dolby կինոթատրոնում, ինչպես նախկինում էր, այլ Լոս Անջելեսի Union Station երկաթուղային կայարանի շենքում:
Բոլոր առաջադրված մասնակիցները չէ, որ կարողացել էին անձամբ ԱՄՆ գալ: Նրանց համար կազմակերպվել են մի քանի հարթակներ Եվրոպայում՝ Փարիզում և Լոնդոնում: Հյուրերի համար տարածությունը բաժանել են մի քանի գոտիների, որպեսզի հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորություն:
Կազմակերպիչները փորձել են ապահովել, որպեսզի միջոցառումն անվտանգ լինի բոլոր ներկաների համար. հյուրերի ցուցակը սահմանափակ է եղել, բոլոր ներկաները կրել են դիմակներ, դրանք հանել թույլատրվել է միայն մրցանակը ստացողին՝ ելույթի ժամանակ, հաղորդավարներին և մրցանակը տվող աստղերին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ