Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը։
Ականավոր գիտնական, փորձառու մանկավարժ Վլադիմիր Կիրակոսյանը շուրջ 30 մենագրությունների, վեց տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, համահեղինակ է հանրակրթական դպրոցի 5 դասագրքերի: Խմբագրել է բազմաթիվ դասագրքեր ու մենագրություններ։
Վլադիմիր Կիրակոսյանի կյանքը շուրջ կես դար կապված է եղել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ: Երկար տարիներ եղել է ինստիտուտի փոխտնօրենը, այժմ էլ ղեկավարում էր Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության խումբը:
Հիմնադրման առաջին օրվանից աշխատել է «Քվանտ» վարժարանում, 1991-2011թ.թ. եղել է վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը: Նա շուրջ կես դար կրթել է երիտասարդների, որոնցից շատերն այժմ մրցունակ և ճանաչված մասնագետներ են:
Կարդացեք նաև
Վլադիմիր Կիրակոսյան գիտնականի ներդրումը մեծ է նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում:
Գիտական գործունեության սկզբում ձեռնամուխ է եղել Ռուբեն Սևակի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրությանը, նրա մեծագույն ջանքերով և գիտական ղեկավարությամբ լույս է տեսել «Հովհաննես Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրություն» հատորյակը:
Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է նաև դպրոցական դասագրքերի ստեղծմանը, հանրակրթական դպրոցի գրականության ծրագրերի մշակմանը:
Վլադիմիր Կիրակոսյանը լայնախոհ ու ծանրակշիռ գրականագետ էր, արդարամիտ մտավորական, հավատարիմ ընկեր, սրտացավ և սիրված ուսուցիչ, հոգատար հայր, լավ ամուսին, անսահման բարի պապիկ:
Նրա ներդրումն անուրանալի է հայ գրականության ու մասնավորապես թումանյանագիտության բնագավառում: Վլադիմիր Կիրակոսյանի հետ կապված հիշողություններն և նրա՝ կենսախինդ ու լավատես մարդու նկարագիրը վառ կմնա նրա ընկերների, սաների և հարազատների սրտերում:
Վլադիմիր Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք), ժամը 17:00-ից: