Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա․ նոր հնարավորություննե՞ր, թե՞ թշնամանքի շարունակություն։ Թոմաս դը Վաալ. JAMnews

Ապրիլ 26,2021 11:01

Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը JAMnews-ի համար մեկնաբանել է, թե ինչպես կարող են զարգանալ հայ-թուրքական հարաբերություններն Արցախյան երկրորդ պատերազմից հետո։

JAMnews։ Պայմանավորվածություններ կան Կովկասում ճանապարհների ապաարգելափակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով երթևեկության բացման մասին՝ ներառյալ դեպի Թուրքիա և Ռուսաստան ուղղություններըորքանո՞վ է սա դրական երևույթ, և եթե սպառնալիքներ կան, ապա ինչպիսի՞։

Թոմաս դը Վաալ․ Ընդհանուր առմամբ, ամեն կարգի նոր տնտեսական կապերը դրական երևույթ են։ Այն ամենը, ինչը կապում է Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքի հետ, որը 30 տարի շարունակ աշխարհագրորեն և տնտեսապես տարանջատված է եղել, անկասկած, դրական է [Նախիջևանն Ադրբեջանի հիմնական մասից բաժանված է Հայաստանի տարածքով — JAMnews]։ Դա նոր տնտեսական հնարավորություններ է բացում և կարող է օգնել ավելացնել տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությունը։ Տարանցումը տարածաշրջանով՝ շատ բարենպաստ է նաև փոքր բիզնեսի զարգացման համար։

Բայց, իհարկե, բաց հարցեր մնում են։ Տնտեսական կապերը չեն կարող զարգանալ առանց համապատասխան քաղաքական համաձայնագրերի։ Եթե չկա քաղաքական վստահություն Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև, ապա կարող է այնպես լինել, որ մարդիկ սկսեն քարկոծել մեքենաներն ու գնացքները, որոնք ընթանալու են այդ նոր տրանսպորտային երթուղիներով։ Վերջերս լսել եմ միջադեպերի մասին, երբ Ղարաբաղում հայկական մեքենաներ են քարկոծվել։ Նման պատմությունները շատերին կհիշեցնեն, թե ինչպես էր ամեն ինչ սկսվում 1998 թ-ին, երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները քարկոծում էին «օտար» համարանիշներով մեքենաները։

Առանց քաղաքական վստահության՝ տնտեսական կապերը չեն կարող աշխատել։ Բացի այդ, եթե քաղաքական հեռանկարները հաշվի չառնեն Լեռնային Ղարաբաղի, այնտեղ ապրող հայերի շահերը, եթե Մեղրիով անցնող նոր ճանապարհը շահեկան չլինի Հայաստանի համար [այլ միայն Ադրբեջանի], կրկին այդ ջանքերն ապարդյուն կլինեն։

Տնտեսական կապերը լավ բան են։ Սակայն դրանց արդյունավետ աշխատանքի համար բարի կամք և յուրաքանչյուրի ներդրումն է պահանջվում։

JAMnews: Արդյո՞ք ուժեղանում է Թուրքիայի դերը Կովկասում։ Արդյո՞ք Հայաստանը սպառնալիք զգալու պատճառներ ունի։

Թոմաս դը Վաալ․ Ես կարող եմ հասկանալ Հայաստանի անհանգստությունը՝ հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած պատերազմում Թուրքիայի ակտիվ դերը։ Թուրքական ԱԹՍ-ների կիրառումն, անկասկած, վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի և Հայաստանի պարտության գործում։ Երևանի քննադատությանն էր արժանացել նաև նախագահ Էրդողանի մասնակցությունը Հաղթանակի շքերթին, որն անցկացվել էր դեկտեմբերի 10-ին Բաքվում։ Իր ելույթի ժամանակ նա հիշատակել էր Էնվեր փաշային՝ երեք առաջնորդներից մեկին, որոնք Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերի ոչնչացրեցին 1915 թվականին։

Այս բոլոր գործոնները Հայաստանում ակնհայտորեն ուժեղացրել են Թուրքիայի կողմից առկա սպառնալիքի զգացումը, և ես կարող եմ դա հասկանալ։ Սակայն չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության համար իրական սպառնալիք կա Թուրքիայի կողմից։  Հռետորաբանության մակարդակում մենք տեսնում ենք Կովկասի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության որոշակի ավելացում։ Սակայն չեմ կարող ասել, թե Կովկասն առաջնահերթ ոլորտ է Թուրքիայի կամ նախագահ Էրդողանի շահերի համար։

Հակամարտության ընթացքում Թուրքիայի նախագահը շատ է հայտարարություններ արել, որ կցանկանար ցրել Մինսկի խումբը, որ Թուրքիան պետք է դրա միջնորդներից մեկը դառնա։ Խոսքը նաև [Ռուսաստանի հետ] համատեղ խաղաղապահ ուժերի ստեղծման մասին էր։

Իրականում, դրանցից ոչ մեկն էլ տեղի չունեցավ։ Այն ամենը, ինչ հիմա ունենք, ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն է, և խորհրդանշական 50 թուրք դիտորդների առկայությունը մեծ  հեռավորության վրա այն վայրերից, որտեղ ապրում են Ղարաբաղի հայերը։

Չեմ կարծում, որ Թուրքիան տարածաշրջանային նոր լուրջ ռազմավարություն ունի Հայաստանի կամ ողջ Կովկասի վերաբերյալ։ Մերձավոր Արևելքը, Կիպրոսն ու մյուս տարածաշրջանները շատ ավելի կարևոր են նախագահ Էրդողանի համար։ Բոլոր հայտարարություններն ավելի շատ խորհրդանշական ժեստ են՝ ուղղված իր կարևոր դաշնակից Ադրբեջանին։ Բացի այդ, հնչում են նաև թուրք պաշտոնյաների որոշ այլընտրանքային առաջարկներ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին։

JAMnews: Թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանումորքանո՞վ է իրատեսական այս հեռանկարը։

Թոմաս դը Վաալ․ Թուրքական բիզնեսը բավականին ուժեղ է, և թուրքական արտադրանքը մինչև 2020 թ-ը շատ պոպուլյար էր Հայաստանում, դա այնտեղ էր հայտնվում Վրաստանի միջոցով։ Ամեն ինչ կախված է թուրքական ապրանք սպառելու, գնելու՝ Հայաստանի բնակիչների ցանկությունից։ Դա կախված է նաև հայերի՝ իրենց անշարժ գույքը թուրքական ընկերություններին վարձակալության տալու ցանկությունից։

Առանց Հայաստանի բնակչության համաձայնության և կամքի՝ չի կարող թուրքական մեծ տնտեսական միջամտություն լինել։ Եվ չեմ կարծում, որ ներկա պահին դա տեղի ունենա։

Թեև, ընդհանուր առմամբ, սահմանների բացումը Հայաստանի համար տնտեսապես շահեկան կլինի։ Իհարկե, այդ դեպքում ավելի շատ թուրքական ապրանք կմտնի երկիր, և կգա ակտիվ թուրքական բիզնեսը։ Սակայն դա նույնպես նոր ցամաքային ուղի է Հայաստանի համար դեպի Եվրոպա։ Եթե այդ ճանապարհը բաց լինի, մարդիկ ստիպված չեն լինի սկզբից գնալ դեպի հյուսիս՝ Սև ծով, վրացական Բաթում։ Հայկական ապրանքը կարող է Թուրքիայի տարածքով ուղիղ Եվրոպա գնալ։

Բացի այդ, Երևանը շատ ավելի խոշոր տարածաշրջանային կենտրոն է, քան Արևելյան Թուրքիայի ցանկացած քաղաք։ Մի քանի տարի առաջ ինձ հետ զրույցում Հայաստանում դեսպաններից մեկն ինձ ասաց, որ որոշ խոշոր ընկերություններ հետաքրքրվել են, թե արդյոք կարող են հիմնավորվել Երևանում։ Հետո նրանք որոշել են հրաժարվել, քանի որ հայկական շուկան չափազանց փոքր էր նրանց համար։

Սակայն այդ խոշոր ընկերությունների ղեկավարները կարծում էին, որ եթե տեղակայվեն Հայաստանում, կարող են աշխատել նաև Արևելյան Թուրքիայի ուղղությամբ․ շուկան կտրուկ շատ կմեծանար։

Երևանն ավելի գրավիչ ներդրումային կենտրոն կլիներ խոշոր միջազգային ընկերությունների համար, եթե նրանք կարողանային աշխատել Հայաստանում և Արևելյան Թուրքիայի շուկայի համար։

Կարծում եմ, որ տնտեսական տեսանկյունից սահմանների բացման և համագործակցության մասին շատ բան կարելի է ասել։ Սակայն ես, իհարկե, միամիտ չեմ և գիտեմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կան հոգեբանական, պատմական և քաղաքական խնդիրներ։ Այդ պատճառով էլ ես չէի խոսի մոտ ապագայի մասին, այլ, ավելի շուտ՝ հինգ-տասը տարի անց հնարավոր հեռանկարի։ Կարծում եմ, այդ հեռանկարները շատ դրական են, եթե բարելավվի քաղաքական կլիման։

JAMnews: Ինչպե՞ս կմեկնաբանեք հայերի զանգվածային ոչնչացումն Օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին, իրադարձությունները, որոնք շատ երկրների կողմից ճանաչված են որպես Հայոց ցեղասպանություն։

Թոմաս դը ՎաալՍա շատ կարևոր հարց է, որին կարելի է երկար պատասխանել։ Ես մի ամբողջ գիրք եմ գրել «Մեծ ողբերգություն» անվանումով, որում շատ է խոսվել այդ պատմության մասին։

Նախևառաջ, կարևոր է նշել, որ ես ինքս այդ իրադարձություններն անվանում եմ Հայոց ցեղասպանություն։ 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում բնակվում էր երկու միլիոն հայ, իսկ մի քանի տարի անց այնտեղ գրեթե հայ չէր մնացել։ Մարդկանց ոչնչացրել են, սպանել կամ բռնի ձևով արտաքսել։ Նրանք գաղթել են դեպի Մերձավոր Արևելք, արդյունքում՝ ձևավորվել է հայկական սփյուռք տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված այդ զանգվածային սպանությունները կարելի է անվանել խաղաղ բնակիչների դեմ ամենասարսափելի ոճրագործությունը։ Կարծում եմ՝ սա առաջին բանն է, որ պետք է ասել այս թեմայով։ Դա տեղի է ունեցել, և կարելի է տասնյակ գրքեր կարդալ դրա վերաբերյալ՝ և՛ հուշավեպեր, և՛ լրագրողական հոդվածներ։

Այն ժամանակ դա գաղտնիք չէր։ Այսօրվա հերքումը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ այդ մասին երկար լռել են, ինչպես հայերի շրջանում, այնպես էլ Թուրքիայում։ Այդ մասին կարծես մոռացել էին։ Իսկ հետո հիշել են 1950-60-ական թվականներին, և Թուրքիայում սկսել են հերքել բոլոր իրադարձություննեը։ Սակայն, երբ ամեն ինչ տեղի է ունեցել, ոչ ոք ոչ մի կասկած չի ունեցել։

Հավանաբար, պետք է քննարկել երկու փոխկապակցված, բայց, այնուամենայնիվ, զուգահեռ հարց։

Առաջինն այն է, ինչ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի հայերի հետ՝ սպանություններ և արտաքսում։ Դա պատմական արդարության վերականգնման հարց է։

Եվ մյուս քննարկումը «ցեղասպանություն» բառի շուրջ է, որ սկսել է օգտագործվել այդ զանգվածային սպանություններից 30 տարի անց։ Եզրույթը հայտնվել է որպես Հոլոքոստի արձագանք։ Ես հասկանում եմ, թե ինչու է հայերի համար կարևոր օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Սակայն ափսոսում եմ, որ դա քննարկումների միակ հարցն է դարձել։ Չէ՞ որ, օրինակ, երբ քննարկվում է Հոլոքոստը, շեշտադրում չկա իրավաբանական, տեխնիկական «ցեղասպանություն» բառի վրա։

Հայ ժողովրդի դեպքում, ցավոք, բոլոր վեճերը կենտրոնացել են մեկ՝ «ցեղասպանություն» իրավաբանական, տեխնիկական եզրույթի շուրջ։  Անձամբ ես՝ կօգտագործեի այդ բառը, սակայն անհրաժեշտ եմ համարում ավելի լայն քննարկումներն արդարության, պատմության, հիշողության, հաշտեցման և այլ հարակից հարցերի մասին։ Ցեղասպանության մասին բանավեճերը դուրս են մղել այս կարևոր քննարկումները։

Շատ հավանական է, որ [2021 թ-ի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության հերթական տարելիցին] ԱՄՆ կառավարությունն առաջին անգամ օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Եվ կարծում եմ, որ, թերևս, արժե դա անել։ Սակայն դա չպետք է պատմության ավարտը լինի, այլ պետք է ավելի մեծ քննարկման մեկնարկ լինի պատմության, Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցածի մասին։ Այդ թվում՝ այն մասին քննարկման, թե ինչ է եղել այլ ժողովուրդների հետ, չէ՞ որ մեծապես տուժել են նաև շատ թուրքեր, քրդեր և ադրբեջանցիներ։

Կարևոր է, որ «ցեղասպանություն» բառը առաջին անգամ  պաշտոնապես օգտագործողները հասկանան, որ դա կարող է Թուրքիայում կրկին բացասական արձագանք ունենալ, մասնավորապես՝ Ստամբուլի ոչ մեծ հայկական համայնքի համար։ Հնարավոր են նաև ամբողջ Թուրքիայով մեկ որոշակի բացասական հետևանքներ հայկական հուշարձանների համար։ Հուսամ, որ նման բան չի լինի։

Կարևոր է հիշել, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունում կոալիցիոն գործընկեր է հանդիսանում ծայրահեղ նացիոնալիստական՝ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցությունը։

Նորմալ կլիներ, եթե ԱՄՆ կառավարությունը սա կոչեր ցեղասպանություն, ինչպես գրեթե բոլորն են անում ամբողջ աշխարհում: Բայց նրանց կողմից միամտություն կլիներ ակնկալելը, որ դա ինչ-որ հակազդեցություն չի ունենա:

Ես նաև հույս ունեմ, որ ԱՄՆ կառավարության նման որոշումը ոչ թե քաղաքական փոքրիկ ժեստ կլինի, այլ խթան կհանդիսանա արդարության, հայերի հիշատակի և թուրքերի հետ նրանց հաշտեցման մասին լայն քննարկումների համար։

Թերևս բնական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ կերպ կցանկանան հակահարված տալ ԱՄՆ-ի այդ քայլին` Արարատ լեռան վրա իրենց դրոշները պատկերելով, ինչը տեսանելի կլինի Երևանից:

Կարծում եմ սպասելի է, որ դեռևս ականատես կլինենք խորհրդանիշների այսօրինակ պատերազմների։

Մեծ ստվեր է շարունակում կախված լինել հայերի, թուրքերի և ողջ տարածաշրջանի վրա։ Այն փաստը, որ 1915 թ-ին Թուրքիայում գրեթե բոլոր հայերի ոչնչացման այդ պատմությունը երբեք հարկ եղած ձևով չի քննարկվել ժամանակին, անարդար է։

Կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատել։ Հնարավոր է, որ ԱՄՆ կառավարության աղմկահարույց հայտարարությունը որոշ կարճաժամկետ խնդիրներ առաջացնի, սակայն կարող է օգտակար լինել երկարաժամկետ հեռանկարում։

JAMnews: Հայաստանն ու Թուրքիան միմյանց մեղադրում են արխիվները բացելուց հրաժարվելու համար։ Որքանո՞վ է լուրջ այս խնդիրը։

Թոմաս դը Վաալ Նախևառաջ, կարծում եմ, որ մենք արդեն շատ բան գիտենք, հավանաբար՝ կատարվածի 95 տոկոսը։ Բացվել են հայկական եկեղեցական արխիվները, կան բազում թուրքական բաց փաստաթղթեր, մի շարք ամերիկյան և բրիտանական փաստաթղթեր, հումանիտար աշխատակիցների և լրագրողների պատմածներն, ինչպես նաև հազարավոր և հազարավոր հիշողություններ և բանավոր վկայություններ։

Այս համատեքստում մի հստակ խնդիր կա հայկական կողմից՝ դա վերաբերում է Ուոթերթաունի արխիվներին [Բոստոնի արվարձան, որտեղ բնակվում են կենդանի մնացած հայերի շատ սերունդներ]։ Ես եղել եմ այն շենքում, որտեղ գտնվում են 1919-1920 թթ-ի Հայաստանի Առաջին Հանրապետության «Դաշնակցություն» կուսակցության կառավարության արխիվները։

Այդ արխիվները պահվում են նկուղներում և քչերի համար են հասանելի։ Դրանցում, անկասկած, շատ տեղեկություններ կան։ Հնարավոր է՝ ոչ այնքան թուրքերի, որքան՝ 1919-1920 թթ-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունում ադրբեջանական շիա համայնքի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Նրանցից շատերն արտաքսվել են Հայաստանի գյուղերից, ոմանք՝ սպանվել, ինչը հայկական հասարակությունում համարվում էր «վրեժ Օսմանյան Թուրքիայի հայերի համար»։

Կարծում եմ, որ մութ գաղտնիքներ կան, բայց ոչ թե 1915 թ-ի ժամանակահատվածի, այլ 1919-1920 թթ-ի վերաբերյալ։ Եվ, հնարավոր է, շատ ուրիշ հետաքրքիր տեղեկություններ կան, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։

Ինչ վերաբերում է թուրքական կողմին։ Երբ ես խոսում էի պատմաբանների հետ, այնպիսի տպավորություն ստացա, որ օսմանյան արխիվներում զտումներ են եղել, և կարևոր շատ փաստաթղթեր ոչնչացվել են դեռևս, հնարավոր է, 1970-1980-ական թվականներին։ Լավ կլիներ, որ այդ արխիվները բացվեին։ Սակայն հետազոտողը պետք է տիրապետի այն ժամանակվա լեզվին՝ օսմանյան թուրքերենին, ինչը բավականին դժվար է։ Հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ գաղտնիքներ կան, սակայն չեմ կարծում, որ արժե առանձնապես հույս դնել բացահայտումների վրա, որոնք կարող են հայտնաբերվել այդ արխիվներում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930