Այս տարվա հունվար-փետրվարին մեր երկրում 5 հազար 960 մարդ է մահացել: 959 մարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ առաջատարը, որոնք այս տարի եղել են 2 հազար 973 մարդու մահվան պատճառ: Հաջորդը՝ նորագոյացություններն են, որոնց առաջացրած հիվանդություններից այս տարվա երկու ամիսներին 834 մարդ է մահացել: Սակայն 106-ով ավելի պակաս, քան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են: Հունվար-փետրվարին այդ խնդիրներից 447 մարդ է մահացել, անցյալ տարի՝ 448 քաղաքացի: Մարսողական օրգանների հիվանդությունները եւս առաջատար դիրքերում են: Այս երկու ամիսների ընթացքում 235 մարդ հենց այդ խնդիրների պատճառով է կյանքին հրաժեշտ տվել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նույն այդ հիվանդությունից 261 մարդ է մահացել:
Վարակիչային եւ մակաբուծային հիվանդություններից մեր երկրում երկու ամիսների ընթացքում 24 մարդ է մահացել: Հիվանդացության եւ մահացության արտաքին պատճառներից էլ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 614 քաղաքացի: Այս թիվն անցյալ տարի 135 է եղել: Այլ հիվանդություններից էլ՝ 288 մարդ: Միայն հունվար-փետրվարին COVID-19 համավարակից 545 քաղաքացի է մահացել:
Կոմիտեն հրապարակել է նաեւ ծնվածների եւ ժողովրդագրությանը վերաբերող այլ ցուցանիշներ: Այսպես՝ այս տարվա հունվար-փետրվարին մեր երկրում ծնվել է 5 հազար 495 երեխա, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 106-ով պակաս: 2019 թվականի նույն ժամանակահատվածում սակայն, 5 հազար 501 ծնունդ է եղել: Երեք տարիների համեմատությամբ ամենաշատ մեռելածին երեխաները եղել են այս տարվա հունվար-փետրվար ամիսներին: 2012-ին 78 մեռելածին է եղել, 2020-ին՝ 47, 2019 թվականին՝ 41 մեռելածին: Բնական հավելաճը նվազել է 465 մարդով: Ավելի շատ քան նախորդ տարվա հունվար-փետրվարին: 2020-ին բնական հավելաճը նվազել է 388 մարդով: Սակայն 2019 թվականի հունվար-փետրվարին 547 մարդով բնական հավելաճը պակաս է եղել:
Կարդացեք նաև
Այս տարվա հունվար-փետրվարին 0-ից մեկ տարեկան 42 երեխա է մահացել: 46-ն էլ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: 2019-ին այս թիվը 30 է եղել:
2021-ին 0-ից 4 տարեկան 45 երեխա է մահացել: Անցյալ տարի նույն տարիքային խմբում, նույն ժամանակահատվածում մահերը կազմել են 51: Իսկ 2019 թվականի հունվար-փետրվարին՝ 38 երեխա:
Երեք տարիների կտրվածքով ամենաքիչ ամուսնությունը 2020-ի հունվար-փետրվարին է եղել: Այդ տարին, հավանաբար համավարակի լոքդաունով պայմանավորված, գրանցվել է 1000 ամուսնություն: Բայց 2019-ի հունվար-փետրվարին, երբ դեռ չկար COVID-19-ը, մեր երկրում 2 հազար 518 ամուսնություն է եղել: Այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 հազար 869:
Ամուսնալուծությունների թվով առաջատարը 2021 թվականն է: Երկու ամիսների ընթացքում բաժանվել են 589 ամուսնացած զույգ: 388-ն էլ անցյալ տարվա հունվար-փետրվարին: 2019 թվականի առաջին երկու ամիսներին գրանցվել է 524 ամուսնալուծություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.04.2021