Իրանագետ Տիգրան Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
Նախընտրական կրքեր նաև Իրանում։ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի յոթ ժամանոց հարցազրույցից հատվածներ, որտեղ նա ցնցող հայտարարություններ է կատարել։
Նա այդ հարցազրույցում քննադատում է Ռուսաստանին, պնդում է, որ Իրանը Պուտինի պնդումով է զորք ուղարկել Սիրիա, նաև Մոսկվան անգամներ փորձել է խանգարել Իրանի միջուկային ծրագրերի կարգավորման ճանապարհային քարտեզը և բազմակողմանի բանակցությունները (Joint Comprehensive Plan of Action – Совместный всеобъемлющий план действий):
Զարիֆը հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սուլեյմանին միջամտում էր արտգործերի նախարարության գործերում։ Դոկտ․ Զարիֆի հետ հարցազրույցը վարել է նախագահ Ռոհանիի թիմակից Սաիդ Լեյլազը։
Կարդացեք նաև
Իրանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ այդ հարցազրույցը կատարվել է կառավարության արխիվի համար և հրապարակման ենթակա չի եղել։ Ստեղծված իրավիճակում ԱԳՆ-ն փորձում է ստանալ համապատասխան մարմինների համաձայնությունը և հարցազրույցը հրապարակել ամբողջությամբ։
Ջավադ Զարիֆն իր այս հարցազրույցում անդրադարձել է նաև ուկրաինական մարդատար ինքնաթիռի խոցելուն և հայտնել է, որ դեպքից 48 ժամ հետո երկրի Անվտանգության խորհրդում իրեն ասել են՝ «Գնա թուիթ արա և ինքնաթիռի խոցվելու լուրը հերքի»։
Իրանի ԱԳՆ նախարարի կարծիքով «փոքրաթիվ, բայց աղմկարար մի խումբ» փորձում է խանգարել Իրանի միջուկային ծրագրերի կարգավորման Վիեննայում ընթացող բանակցությունների նոր փուլը։
Իրանի նախագահ դոկտ․ Ռոհանիի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է հունիս ամսին և խոսվում է նաև դոկտ․ Զարիֆի թեկնածության մասին։