Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ, իրենք նույն կերպ չեն պատճառաբանում»

Ապրիլ 26,2021 14:00

Ռուսները ԵԽԽՎ-ում գերիների հարցով քվեարկության ժամանակ տվեցին Ռուբեն Ռուբինյանի քվեարկության պատասխա՞նը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե ռուս գործընկերները հայ ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու քվեարկության ժամանակ հիշել են իր քվեարկությունը:

Հիշեցնենք՝ 2019-ի հունիսյան նստաշրջանի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում «դեմ» էր քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին։ Հետո նա հայտարարել էր, թե տեղի ունեցած քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել է «դեմ», ոչ թե «կողմ»: Իսկ այս նստաշրջանին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամները «դեմ» կամ «ձեռնպահ» էին քվեարկել ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկման առաջարկին: Պատվիրակության անդամներից մեկը մոտավորապես նույն պատճառաբանությունն է ներկայացրել, ինչ Ռուբեն Ռուբինյանը, թե ողջ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիր է եղել:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է սա ռուսական պատվիրակության պատասխանն էր մեկ տարի առաջ իր քվեարկությանը, քանի որ նրանք էլ նույն կերպ են պատճառաբանում եւ հարցրինք՝ արդյոք խոսե՞լ է ռուս գործընկերների հետ, նա պատասխանեց. «Ոչ, իրենք նույն կերպ չեն պատճառաբանում: Ես հենց քվեարկության օրը խոսել եմ ռուսական պատվիրակության ղեկավարի հետ: Նա ինձ ասել է, որ իրենց մոտ այդ օրը կոմունիկացիոն խնդիր է եղել, եւ որ այդ քվեարկությունը ոչ մի կերպ չի նշանակում, որ իրենց պատվիրակությունը դեմ է այդ քննարկման անցկացմանը: Նա վերահաստատել է Ռուսաստանի եւ ռուսական պատվիրակության դիրքորոշումն առ այն, որ մեր ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»:

Մեր դիտարկմանը՝ քննարկումներ են ընթանում, թե արդյոք նպատակահարմա՞ր էր գերիների հարցը տեղափոխել ԵԽԽՎ հարթակ, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Որտե՞ղ քննարկվեց, հինգ հոգանոց Հանրապետական ֆեյսբուքներո՞ւմ»:

Մեր հակադարձմանը՝ քննարկում են մարդիկ, որոնք ժամանակին եղել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում, արտաքին քաղաքականության ոլորտում, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց. «Էդ հարցին չեմ պատասխանում, ուրի՞շ»:

Նրան հորդորեցինք ներկայացնել, թե, այնուամենայնիվ, այդ քննարկումն ի՞նչ արդյունք գրանցեց, մանավանդ՝ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ թեեւ Ադրբեջանին պահանջ է ներկայացվում անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, սակայն տարբեր այլ հարցերում ՀՀ-ն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են դրվում: Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ոչ, գերիների հարցով ամենեւին մեկ հարթության վրա չեն դրվել: Մեր պատվիրակության աշխատանքի արդյունքն այս նստաշրջանում գնահատում եմ շատ լավ: Ըստ էության մենք հենց պատերազմի ավարտից հետո ԵԽԽՎ-ում ստեղծել ենք ճնշում եւ այն մեծացնում ենք: Կհիշեք՝ անցյալ անգամ նույնպես մենք նախաձեռնել էինք գերիների հարցի քննարկում, որն այն ժամանակ տեղի չունեցավ, բայց այդ՝ տեղի չունենալը օգնեց մեզ, որ այս անգամ տեղի ունենա: Այս անգամ հասանք նրան, որ միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահն էր հայտարարություն արել հայ ռազմագերիների թեմայով: Մեզ այս անգամ հաջողվեց բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով անցկացնել հարցի քննարկումը: Բոլոր ելույթ ունեցողները, բացի թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներից, հստակորեն հայտնում էին իրենց դիրքորոշումն առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Դրանից հետո էլ արդեն Մոնիտորինգի հանձնաժողովում հասանք նրան, որ հայտարարություն ընդունվեց, որում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել գերիներին եւ կարեւորվում է մշակութային ժառանգության պահպանման հարցը»:

Մեր հիշեցմանը՝ այս հարցը ադրբեջանցիները փորձեցին քաղաքականացնել՝ պատճառաբանելով՝ քանի որ առաջիկայում ընտրություններ են, ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե կարող են ինչ-որ բանով օգտակար լինել: Այս առիթով Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ ադրբեջանցիներն այդ քննարկման համատեքստում ամբողջովին մեկուսացած վիճակում էին եւ բոլոր ելույթ ունեցողները հայկական դիրքորոշումն էին պաշտպանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930