ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Դժվար է, բայց փորձեմ կարճ, կետերով ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, դրա հնարավոր հետևանքները և մեր ակնկալիքները։
-Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության ազդեցիկ պետությունների կողմից կարևոր է, այդ թվում՝ ԱՄՆ-ի։
Այո։ Դա նպաստում է Թուրքիայի նկատմամբ ճնշման մեծացմանը։
-Արդյո՞ք դա նշանակում է, որ Թուրքիան ենթարկվելու է պատասխանատվության։ (Հողերը հետ տալ, վնասի փոխհատուցում և այլն):
Ոչ։ Դա հնարավոր է միայն կամավոր՝ Թուրքիայի պարագայում, կա՛մ դատաիրավական կարգով (միջազգային դատական ատյաններ) կա՛մ ռազմաքաղաքական ճնշման պարագայում։
Կարդացեք նաև
-Արդյոք հնարավո՞ր է միջազգային իրավունքով բարձրացնել Թուրքիայի միջազգային պատասխանատվության հարցը։
Այո։ Գործող միջազգային իրավակարգը նման հնարավորություն և մեխանիզմներ ունի։
-Արդյո՞ք Օսմանյան կայսրության կողմից կատարած միջազգային հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությունը պետք է կրի պատասխանատվություն։
Այո։ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է։ Դա ճանաչել է նաև ինքը՝ Թուրքիան։
-Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատշաճ սուբյեկտ է Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը բարձրացնելու համար։
Այո։ Հայաստանը (Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների պես) ոչ միայն կրել է Հայոց ցեղասպանության հետևանքները, այլ նաև իրավունք, անգամ erga omnes պարտավորություն ունի բարձրացնելու ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցը։
-Արդյո՞ք առկա է իրավական հիմք Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար։
Այո։ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայում ամրագրված ցեղասպանության հանցակազմի հետադարձ ուժը, եթե անգամ չճանաչվի, XX դարի սկզբին գործող միջազգային իրավունքը (կոնվենցիոն և սովորութային իրավունք) արդեն իսկ արգելում էին նման արարքը և որակում որպես միջազգային հանցագործություն։
-Արդյո՞ք առկա է միջազգային դատական ատյան, որ կարող է քննել այս հարցը։
Այո։ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ուժով իրավազորություն ունի Թուրքիային ներգրավել որպես պատասխանող կամ տալ Խորհրդատվական եզրակացություն այս հարցով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարելի է բարձրացնել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների սեփականության վերականգնման հարցը։ Կան արբիտրաժային ատյաններ և այլն։
-Ի՞նչ կարող ենք պահանջել Թուրքիայից, երբ միջազգային պատասխանատվության հարցը կարողանանք դրականորեն լուծել։
- Ռեստիտուցիա՝ վերականգնել այն իրավիճակը, ինչը կար մինչև Հայոց ցեղասպանությունը։
- Կոմպենսացիա՝ Հայոց ցեղասպանության հետևանքով վնասների փոխհատուցում։
- Սատիսֆակցիա՝ բարոյական բավարարում՝ ներողության կամ այլ գործողության տեսքով։
Զգայական պետականությունից բանական պետականության անցման համար նախ և առաջ մեզ անհրաժեշտ է նաև արտաքին քաղաքականության մեր առաջնահերթություններում հրաժարվել պատրանքներից և լինել ողջախոհ։
Հ.Գ. Ասեմ, որ Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու գործողությունների ծրագիրը պատրաստ է, բայց ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություննունները դրան ընթացք չեն տվել։