Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում Քովիդ-19-ի զարգացման փուլերի ու բարդությունների, հիվանդության գրագետ վարման առանձնահատկությունների, հետքովիդային համախտանիշի հաղթահարման հարցերի շուրջ զրուցել ենք թերապևտ, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանի հետ։
Հարցազրույցի առաջին մասն՝ այստեղ
Ինչպիսի բարդություններ կարող է հարուցել Քովիդ-19 հիվանդությունը
Կորոնավիրուսային վարակի հարուցիչները օրգանիզմ են ներթափանցում ԱՓՖ-2 անգիոտենզին II տիպի ընկալիչների միջոցով, որոնք մեծ քանակությամբ տեղակայված են թոքերում, աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղածորանների բջիջներում, ինչպես նաև աչքի բջիջներում։
Քանի որ ամենից շատ թոքերում են տեղակայված այդ ընկալիչները, ուստի կորոնավիրուսի համար ամենից շատ թիրախային օրգան են համարվում հենց թոքի երկրորդ տիպի ալվեոլոցիտները։
Կարդացեք նաև
Այսպիսով կորոնավիրուսը կարող է ներթափանցել ոչ միայն շնչառական ուղիներով, այլ աղիների կամ աչքերի միջոցով՝ այդտեղ առաջացնելով բորբոքում և բարդություններ։ Նոր կորոնավիրուսի բարդացումները և կրիտիկական ձևերը հիպերկոագուլյացիոն համախտանիշն ու «ցիտոկինային փոթորիկն» են։
- «Ցիտոկինային փոթորիկը» առաջացնում է սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, բազմաօրգան անբավարարություն և կարող է մահվան ելքի պատճառ հանդիսանալ։
- Հիպերկոագուլյացիոն համախտանիշի հիմքում ընկած են վասկուլյար էնդոթելային դիսֆունկցիան և թոքերի միկրոթրոմբոզների առաջացման հետևանքով հեմոռագիկ կաթվածները տարբեր օրգաններում։
Սակայն այս հիվանդությունն առաջացնում է նաև այլ տեսակի բարդություններ, օրինակ՝ հանդիպում են լուծի դրսևորումներ, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժմանը՝ ընդունված եղանակներով։ Եվ վիրուսի շրջանառության փուլն ավարտվելուց հետո են միայն դրանք հաղթահարվում։ Կորոնավիրուսը ազդում է նաև լյարդի վրա, ունենք շատ հիվանդներ, որոնք մինչ այս վարակը խնդիրներ չեն ունեցել, սակայն դրանից հետո ունեն լյարդի ֆունկցիայի խանգարումներ, լյարդի ախտահարում։
Եվ այստեղ կարևոր է, որ Համակարգչային շերտագրությունից հետո հիվանդի մոտ եթե անգամ հաստատվել է թոքերի ախտահարում, կատարվի արյան ընդհանուր հետազոտություն, արյան մեջ որոշվի Ց-ռեակտիվ սպիտակուցի, մակարդելիության և արյան խտության աստիճանը, թթվածնային հագեցվածությունը օրգանիզմում, ինչպես նաև պարզվի լյարդի, երիկամների խաթարումները, սիրտանոթային համակարգի բարդացումները։
Հետքովիդային համախտանիշ․ ինչ սպասել կորոնավիրուսը հաղթահարելուց հետո
Կորոնավիրուսային վարակի բարդությունները բուժելիս մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք թոքերը, լյարդը, երիկամները, աղիները և այլ օրգանները լիովին վերականգնվեցին։ Քանի որ երբ հիվանդը բուժումը ավարտին չի հասցնում, լիարժեք ապաքինում տեղի չի ունենում, զարգանում է հետքովիդային համախտանիշը, որի ախտանշաններն են՝ երկարատև պահպանվող ջերմության բարձրացում մինչև 37,2, թուլություն, դժվարաշնչություն և հևոց քայլելիս կամ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, մազաթափություն, համի, հոտի զգացողության երկարատև կորուստ, ուշադրության, կենտրոնացման և հիշողության նվազում, քնի խանգարումներ, աշխատունակության անկում և այլն։
Այն, որ մազաթափությունը կորոնավիրուսի հետեւանքներից մեկն է, նկատել են նաև ճապոնացի գիտնականները, որոնք նշել են, որ Քովիդ-19- ից ապաքինվածների 1/4 մասը երկու ամիս անց կրկին դիմել են մասնագետներին՝ ներկայացնելով մազաթափության վերաբերյալ գանգատներ: ԱՄՆ մաշկաբանության ակադեմիան Քովիդի հետ կապված ճաղատությունը համարում է ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի հետևանքով առաջացած: Կորոնավիրուսով վարակվածների մազաթափությունը կարելի է բացատրել նաև իմունային պատասխանի միջոցով: Քանի որ մազի ֆոլիկուլները իմունակախյալ են, դրանք ավելի հաճախ են տուժում աուտոիմուն ռեակցիաների պատճառով՝ որն էլ բերում է մազաթափության։
Ռուս բժիշկները գտնում են, որ մազաթափությունը ոչ թե վիրուսի բուն հետևանքն է, այլ դեղորայքի ազդեցությունն է, որը մենք ընդունում ենք բուժման ընթացքում։ Մազաթափությունը, սովորաբար, սկսվում է հիվանդությունից 3-6 ամիս անց և օրգանիզմի լիարժեք վերականգնվելուց հետո մազերի աճը խթանվում է:
Եթե մազերի աճի պրոցեսը երկարաձգվում է, ես խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկ-մաշկաբանի կամ տրիխոլոգի, վարել առողջ ապրելակերպ՝ կարգավորելով սննդակարգը, ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն և իհարկե, ազատվել սթրեսից՝ առանց դեղորայքի։
Հետքովիդային ախտանշաններից մեկն էլ հևոցն է, որը, տարբեր աղբյուրների համաձայն, պահպանվում է հիվանդների 10-71% -ի մոտ՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո 2-3 ամսվա ընթացքում: Երբեմն այս ախտանիշը կարող է ավելի երկար տևել: Վերականգնման տեմպը կախված է հիվանդության ծանրությունից, բարդությունների և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, հիվանդի ընդհանուր վիճակից:
Կորոնավիրուսային վարակ ունենալուց հետո հիվանդներին անհրաժեշտ է անցնել շնչառական վերականգնում: Այն կարող է օգնել վերականգնել թոքերի գործառույթը և բարելավել կյանքի որակը: Վերականգնումը ներառում է շնչառական և ֆիզիկական վարժություններ։
Շատ կարևորում եմ նաև հոգեհուզական և տագնապային խանգարումների շտկումը հետքովիդային շրջանում, ինչպես նաև քնի ռեժիմի վերականգնումը՝ 6-8 ժամյա գիշերային լիարժեք քնի ապահովումը։ Խորհուրդ եմ տալիս բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը աստիճանաբար, քայլել մաքուր օդին, ավելացնել մարդկային շփումը, դրական և հաճելի ինֆորմացիայի ընկալումը՝ նվազեցնելով սթրեսը։
Ինչպես նաև հարկավոր է կարգավորել սննդակարգը, որը պետք է հարուստ լինի վիտամիններ պարունակող բանջարեղենով և մրգերով։
Խորհուրդ եմ տալիս նաև օգտագործել իմունիտետը խթանող մուլտիվիտամինային և խոտաբույսային հավելումներ։
Հետքովիդային վերականգնողական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը
Քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, հասկանալի պատճառներով հիվանդը չի կարող բավականին երկար մնալ հիվանդանոցում, և Քովիդի ախտանշանները՝ ջերմությունը, արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը հաղթահարելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդը պետք է անցնի նաև ամբուլատոր և վերականգնողական փուլ։ Այլ երկրներում դա արդեն կիրառվող պրակտիկա է, երբ ամբուլատոր բժշկի մոտ պացիենտը հանձնում է բոլոր անալիզները, անցնում հետազոտությունները, իսկ վերականգնողական փուլում արդեն շտկվում են օրգանիզմի գործառույթները՝ կատարվում է շնչառության վերականգնում, վերադարձ բնականոն կյանքին։
Քովիդի առաջին փուլի գրագետ վարումը և հետկովիդային համախտանիշի զարգացումը կանխող հետհիվանդանոցային վերականգնումը առաջնային օղակի կարևորագույն գործառույթները պետք է լինեն, որոնք մեզ մոտ, ցավոք, դեռևս լիարժեք մշակված չեն, և այդ երկու բացթողումը բերում է նրան, որ մեր հիվանդները շատ են ծանրանում։ Ես նաև կարևորում եմ Հայաստանում հետքովիդային վերականգնողական կենտրոնների ստեղծումը․ այդպիսիք արդեն գործում են Ռուսաստանում և այլ երկրներում, որտեղ պացիենտները հնարավորություն կստանան հաղթահարելու հետքովիդային համախտանիշը, մանավանդ որ մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի հեռահար ազդեցություններ է իր մեջ պարունակում կորոնավիրուսային հիվանդությունը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ