Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության:
Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ:
Վերջին տարիներին Լիտվան հանդիսանում է Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և առկա է փոխշահավետ գործընկերային հարաբերությունները խորացնելու երկկողմ պատրաստակամություն:
Քաղաքական երկխոսություն
Կարդացեք նաև
Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:
Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է 23 փաստաթուղթ:
2021թ. մարտի 15-ին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը:
2019թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:
ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել 2018թ.-ին Վիլնյուսում՝ փոխնախարարների մակարդակով:
Երկու երկրներում գործում են միմյանց պատվո հյուպատոսություններ:
Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:
Հայոց ցեղասպանություն
Լիտվայի խորհրդարանը 2005թ.-ին ընդունված բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լիտվան համահեղինակել է 2013, 2015, 2018 և 2020թթ․ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում», ինչպես նաև 2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» բանաձևերը:
Միջխորհրդարանական համագործակցություն
Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: 2021թ. փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանում ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ