Հայրենիքի վերականգման ու զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանը «5165» շարժման հիմնադիր համագումարի ժամանակ նշեց, որ որպես «5165» շարժման հիմնադիր անդամ՝ վերահաստատում է հնչած այն միտքը, որ այս շարժման անկյունաքարը համերաշխությունն ու համախմբումն է:
«Որքան խորանում է ատելությունը, այնքան այն ավելի վտանգավոր է դառնում: Պարտավոր ենք այս ամենի դեմն առնել օր առաջ: Հենց դրան են միտված մեր ջանքերը, սա է վերականգնման հիմքեր ստեղծելու գրավականը»,-ասաց նա:
«1990-ին, երբ Արցախյան շարժումը լայն թափ էր առել եւ գտնվում էր գագաթնակետին, աշխարհի մեկ այլ ծայրում տեղի ունեցավ հետաքրքրական եւ կարեւոր մի իրադարձություն: Նելսոն Մանդելան, որը 27 տարի անցկացրել էր բանտում որպես բանտարկյալ, դուրս եկավ, ազատվեց ու իր ժողովրդին պատգամ հղեց՝ հաշտեցում: Դժվար էր սա պատկերացնել մի երկրում, որտեղ կար ինստիտուցիոնալ ռասիզմ, եւ ժողովուրդը կանգնած էր քաղաքացիական պատերազմի սպառնալիքի առջեւ:
Բայց Մանդելան դուրս եկավ իմաստնացած, հասկանալով, որ թշնամանքն ու ատելությունը չեն կարող խոստանալ զարգացած երկիր»,-հիշեցրեց Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ անգամ ռասսայական խտրականություն ունեցող այս երկրում հնարավոր եղավ համախմբել, միավորել ժողովրդին, ու այնքան ամրապնդվեց երկիրը, որ հայտնվեց Մեծ Քսանյակի մեջ:
Կարդացեք նաև
«Իսկ մենք լինելով ազգ՝ բաժանվել ենք տասնյակ բեկորների, այն դեպքում, երբ բավարար է մեզ մեր արտաքին թշնամիների ատելությունը, որն ուղղված է բոլորիս վերացնելուն՝ անկախ մեր քաղաքական նախասիրություններից: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ Թուրքիան ահաբեկչական ցանցերի, Ադրբեջանի միջոցով փորձեց եւս մեկ ցեղասպանության փորձ կատարել, եւ միմիայն հերոս տղաների անձնազոհության շնորհիվ կարողացանք կանխել դա»,- ասաց «5165» շարժման հիմնադիր անդամը, վստահեցնելով, որ այս ամենից կարելի էր խուսափել, եթե լիներ պետական մտածողություն եւ արհեստավարժ մոտեցում:
Նրա խոսքով, այժմ մեր հանդեպ թշնամանք ունեցող երկրները չեն թաքցնում, որ ավելի մեծ ախորժակ ունեն, իսկ դրա դեմն առնելու մեկ ճանապարհ կա՝ լինել համերաշխ եւ համախմբել բոլոր ուժերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ