Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։
Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: Երկուստեք ընդգծվեց Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ