Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային նպատակը այն գաղափարն է, դեպի ուր մղում են ազգային շահերը». Մենուա Սողոմոնյան

Ապրիլ 25,2021 15:23

Միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը հիմնադիր համագումարում ներկայացրեց  «5165» շարժման գաղափարախոսությունը: Նա նշեց, որ միացել է «5165» շարժմանը, որովհետեւ լիահույս է, որ այս շարժման շրջանակներում կարող է գտնել այն հարցի պատասխանը, թե որն է հայոց ազգային նպատակը եւ ինչպես պետք է հասնել դրան:

«Արդեն 30 տարի է, ինչ անկախ պետություն ունենք, սակայն այդպես էլ չենք ձեւակերպել մեր ազգային նպատակը, ինչի պատճառով էլ ունենք այն, ինչ ունենք՝ պառակտված հասարակություն, ձախողված պետություն, գոյութենական շոշափելի սպառնալիք, շարունակվող արտագաղթ, տնտեսական անկում եւ այլն: Իսկ ո՞րն է ազգային նպատակը, ով եւ ինչպես է այն ձեւակերպում:

«5165» շարժումը հանձն է առնում տալ  այս հարցերի պատասխանը, դրանց վերաբերյալ հանրային համաձայնություն ստանալու պարագայում, համախմբել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին, այլ պետություններում մեր ազգակիցներին՝ այդ նպատակի շուրջ եւ կերտել ազգային հզոր ու կենսունակ պետություն կառուցելու ուղին»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:

«Ո՞վ է սահմանում ազգային նպատակը… Արեւմուտքում դա արել են բուրժուազիաները, Արեւելքում ՝ միապետությունները, պետական իշխող վերնախավերը: Իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովուրդը չի անցել ազգակերտման ոչ արեւմտյան, ոչ արեւելյան մոդելները: Հայերն  իրենց հայրենիքում չեն ունեցել զարգացած հզոր բուրժուազիա, ոչ էլ անկախ պետականություն, հետեւապես հայոց ազգակերտման դրոշակակիրը հանդիսացել է հայոց հոգեւոր, կրթամշակութային էլիտան, հայոց հոգեւոր մտավորական սերուցքի խնդիրը եղել է մշակույթի, մշակութային ու կրոնական ինքնության պահպանումը: Պետությունը ստեղծելը հիմնականում հենց այս մղումներով է պայմանավորված եղել:

Խորհրդային ժամանակներում հայոց հոգեւոր էլիտան ազգի լիարժեք չկայացածության պայմաններում սահմանեց ազգային նպատակը՝ Արցախի վերամիավորումը մայր հայրենիքին: Ցավոք սրտի, 1994 թվականից հետո, երբ ունեինք նորանկախ պետություն, այդ նույն էլիտան չկարողացավ վերասահմանել ազգային նպատակը, անկախ պետականության երեսուն տարիներին մենք այդպես էլ չկերտեցինք ընդգրկուն ազգային էլիտա՝ իր քաղաքական, տնտեսական,հոգեւոր եւ կրթամշակութային բաղադրիչներով, որը կլիներ համախմբված ընդհանուր ազգային նպատակի շուրջ:

«5165» շարժման կարեւոր նպատակն  է ստեղծել այնպիսի էլիտա, որը  հասարակության մեջ կստեղծի համաձայնություն՝ հայոց ազգային նպատակի շուրջ… Ազգային նպատակը այն գաղափարն է, դեպի ուր մղում են ազգային շահերը… Ազգային շահերն իրենց մեջ բովանդակում են ազգային արժեքները, անկախ պետականությունը, պետության տարածքային ամբողջականությունը, ազգաբնակչության գոյության երաշխավորումը, բանակը, հոգեւոր, սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական զարգացումը, ազգային մշակույթն ու լեզուն, սովորույթներն ու ավանդույթները, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, եկեղեցին, անհատն ու հասարակությունը: Ազգն ավելին է, քան ժողովուրդը»,-ընդգծեց Մենուա Սողոմոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930