Մեկնարկել է «5165» շարժման հիմնադիր համագումարը: «5165» շարժման մասին օրերս ֆեյսբույքի իր էջում ուղերձով տեղեկացրել էր «5165» շարժման հիմնադիր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
Նա համագումարը բացեց Արարատ լեռանը նվիրված բանաստեղծությամբ, ապա հավելեց. «5165-ը Արարատ լեռան բարձրությունն է, մեր սրբազան լեռան բարձրությունը..․ Եվ ես պատիվ ունեմ ներկայացնելու այս շարժումը՝ որպես շարժման առաջնորդ:
Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին եւ ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, եւ որոնք պատրաստ են համախմբելու, մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք եւ համալրել այն ազգերի շարքը, որոնք հայրենիք չունեն»:
Կարդացեք նաև
Շարժման առաջնորդի խոսքով. «Մեր երկրի ապագան վտանգված է եւ մեր պարտքն է կանգնեցնելու այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, երբ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջեւ, որոնք երկիրը հրել են այս օրին եւ ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան»:
Կարին Տոնոյանը պնդում է, որ կան այլ ուժեր. «Դրանք այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ գլուխները կախ իրենց գործն են արել, համոզված են եղել, որ հայրենիքին ծառայում են գործ անելով, այլ ոչ թե իշխանությամբ… Բոլորս հասկացանք, որ այլեւս չունենք այդ իրավունքը՝ միայն մեր գործն անելու, եւ հենց դրանում ենք մեղավոր, որ միայն մեր գործն ենք արել ու թողել, որ երկիրը հասցնեն այս օրվան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ