Սյունիքի մարզի Կաղնուտ սահմանամերձ գյուղում ապրող 80-ամյա Ամալյա տատը Հայաստանի վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին հրավիրում է տուն՝ իր ձեռքով թորած խնձորի օղին խմելու։ Կառավարության ներկայացուցիչը մերժում է՝ մեկ ուրիշ անգամ։ Տատիկը նեղսրտում է, բայց ըմբռնումով է մոտենում ՝ «բա պաշտոնով մարդ է, հո մենակ Ամալյան չի, հազար գործ ունի»։
5 տարեկանից Ամալյա Հովհաննիսյանը աշխատել է։ «Հերս պատերազմ գնաց, մենք քույրիկներով գնացինք թութուն շարելու։ Բա, տես ինչքան բան է անցել իմ գլխով»,–Aravot.am-ին ասում է Ամալյա տատը։ Հին սովորույթ է՝ «գյուղ եկած մեծ–մեծ մարդկանց պիտի հյուրասիրեն, հացով պիտի լինենք»։
Իսկ հեռավոր Կաղնուտ՝ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ու հանձնաժողովի անդամները հասել էին՝ կցորդիչով մոտոբլոկներ բաժանելու նպատակով։
Առաջին փուլով 13 մոտոբլոկ տրվեց Կապանի տարածաշրջանի Կաղնուտ, 12-ն էլ Ներքին Հանդ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Գյուղսարքավորումները տրվել են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ համայնքներում եւ ընտանիքում կան անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան։
Կարդացեք նաև
Ամալյա տատը կյանքում առաջին անգամ է տեսնում մոտոբլոկը, ասում է՝ «քշել չգիտեմ, տղաս կօգտագործի»։ «Համ էլ ինձ հինչ, հլա կարիմ ոտով փխրեցնեմ ու վարեմ»,–ասում է առույգ տատին։ 76-ամյա Համլետ Օհանյանը ծանոթ է տեխնիկային։ «Ուժս պատի բաղն էլ եմ վարելու, Վիլիսի հետեւից կապելու եմ, խնձորը հավաքեմ, եթե կարամ, ցանկություն ունեմ հլա, եթե ստացվի»,–ասում է կաղնուտցին։
Գյուղացիների հետ պայմանագիրը կնքվում է անհատապես, իսկ տեխնիկա ստացող գյուղացիներն էլ պարտավորվում են օգնել այն ընտանիքներին, որտեղ տղամարդ չկա եւ կարիք կա՝ հողամասերը մշակելու։ Բացի սրանից, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Շիկահողի բնակիչներին 1000 հատ գաճաճ ընկուզենու, 600 հատ արքայանարնջի, 500 հատ խնձորենու տնկիներ են տրամադրվել։
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում մեկնարկած ծրագրերի աշխատանքները համակարգող, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ ուսումնասիրվել են տարբեր գյուղերի առանձնահատկությունները գյուղացիների կարիքները ու ելնելով դրանցից՝ տարբեր բնակավայրերում տարբեր նախաձեռնություններ կլինեն։ «Իրականում սա օգնություն չի, սա զարգացմանն ուղղված ծրագիր է։ Մենք օգնություն չենք բաժանում , ուղղակի մենք զարգացման ենք տանում փոքր գյուղերին եւ ուզում ենք ամբողջովին մեխանիզացվի»–ասում է Ղուկասյանը։
Սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերի ընդհանուր բյուջե նախատեսված չէ։ Ըստ առաջնահերթությունների՝ շարժվում են եւ այս պահի դրությամբ, մի քանի գյուղերում ծրագրեր իրականացնելու համար արդեն ծախսվել է 500 մլն դրամ։ Մի քանի բնակավայրերում կարի արտադրամասեր են հիմնելու, Դավիթբեկ եւ Եղվարդ սահմանամերձ գյուղերում՝ զարգացման կենտրոններ են բացվելու։
Կաղնուտցի Սեյրան Հայրապետյանը կատակում է՝ «Էս մոտոբլոկները գործիս խփել են» ։ Երեք տարի առաջ է իր միջոցներով ձեռք բերել մոտոբլոկ եւ սեզոնին օգնում էր մշակել թե՛ Կաղնուտի, թե՛ հարեւան գյուղերի բնակիչների տնամերձերը։ Այս ծրագրով նրան մոտոբլոկ չտրվեց։ Պատճառաբանեցին՝ կինն է գյուղում հաշվառված, իսկ կանանց չի տրվում։ Վարչապետի խորհրդականը խոստացավ՝թոշակավորումից հետո, երբ տեղափոխվի գյուղ, անպայման նրան մոտոբլոկ կհատկացվի։
Ներքին Հանդը սահմանամերձ ամենամոտիկ համայնքն է հարեւան պետությանը։ Ամեն օր շփվում են հակառակորդի հետ։ Ներքինհանդեցի Նորայր Դանիելյանի խոսքով, անկախ ամեն ինչից չեն լքելու գյուղը։ Նախկինում գյուղապետ է եղել, ու հիշում է, որ համայնքին մեկ տրակտոր էին տալիս ու ասում էին յոլա գնացեք։ «Էս գաղափարը լավ է։ Ամեն մեկը իր ընտանիքում ունենա, իմանա՝ երբ վարի, երբ հնձի։ Նենց ՝ մի օր տրակտորիստն էր հիվանդ, մի օր գյուղում չէ, հաջորդ օրը՝ հերթը քոնը չի․․․ Հիմա դու, քո տրակտորը, քո գլուխը»,–ասում է Aravot.am-ի զրուցակիցը։
Կառավարության ներկայացուցիչները տեսնելով գյուղացիների ոգեւորությունը, խոստանում են՝ ծրագրերի ընդհատում չի լինելու։
«Բնականաբար աշխատում ենք էկոնոմիկայի նախարարության հետ, տարբեր նախաձեռնություններ ենք ունենալու։ Բայց ամենակարեւորը այն է, որ նման գյուղերում, այստեղ ապրողների միտքը փոխենք։ Համոզված եմ, որ ոչ միայն իրենք՝ իրենց, այլ շատերին ապացուցելու են, որ Սյունիքի գյուղերը կարող են աշխարհին իրենց խոսքը ասել»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ