Մշակութային և տեղեկատվական զարգացման «Մասարաթ» իրաքյան կազմակերպությունը հանդես է եկել Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման մասին հայտարարությամբ:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթ» կազմակերպությունը կոչ է արել Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան:
Երբ Իրաքի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայերը շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Մասարաթ» կազմակերպությունը, օգտվելով ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու առիթից, հաստատում է ցեղասպանության հիշատակի ոգեկոչման մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը՝ պատմությունից դասեր քաղելու և էթնիկ զտումների կրկնությունը կանխելու համար:
Այս համատեքստում, «Մասարաթ» կազմակերպությունը հաստատում է, որ չնայած 1948թ. ստորագրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվեցիային, ցեղասպանությունը շարունակվում է և կրկնվում։ Ըստ էության, ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհն ականատես եղավ Հայոց ցեղասպանությանը և դրան հաջորդեցին նացիստական Գերմանիայում, նախկին Հարավսլավիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում, Իրաքում և Մյանմայում ցեղասպանությունները. սրանք ընդամները մի քանի օրինակներն են ամբողջից, որ տեղի ունեցան 20-րդ և 21-րդ դարերում լռության և ժխտման քաղաքականության հետևանքով:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Մասարաթ» կազմակերպությունն իր դերն ունի ցեղասպանությունների և նրանց դիմակայելու կարևորությունը քարոզելու գործում։
Այս առումով, «Մասարաթ» կազմակերպությունը մասնակցություն է ունեցել 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյա տարելիցին նվիրված համագումարի կազմակերպման գործում՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը հրավիրել ցեղասպանության շարունակականության վտանգի վրա: «Մասարաթը» կոչ է արել ստեղծել «Զոհերի միջազգային կոալիցիա»՝ ցեղասպանությունների կանխման գործում տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու նպատակով։ Միևնույն տարում կազմակերպությունը նախաձեռնել է նաև «Ցեղասպանությունը հարյուր տարի անց. հայերի ցեղասպանությունից մինչև եզդիների ցեղասպանություն» վերնագրով հետազոտական նախագիծ, որից երեք հատորներն արդեն հրատարակվել են։
Հետագա տարիներին մեր աշխատանքները նվիրված էին բռնությունների և զանգվածային ոճրագործությունների դեմ քաղաքականության կարևորությանը՝ հասարակությանն իրազեկելու և զարգացնելու և կրկնությունները կանխելու ուղղությամբ։ Կազմակերպել ենք նաև համագումարներ՝ հիշատակելով եզդիների ցեղասպանությունը, որոնք տեղի կունենան Բաղդադում և Էրբիլում: Աշխատանքներ են տարվել ցեղասպանության երկարաժամկետ հետևանքներն ավելի լավ հասկանալու համար. այդ նպատակով 2018թ. «Ատելության խոսքին հակազդելու ազգային կենտրոնը» անցկացրել է հետազոտություն, որը ներառում է ելույթների մեկնաբանություն՝ նախքան դրանց բռնության, խտրականության և էթնիկական զտումների քաղաքականության վերածվելը։ 2019թ. գիտելիքների տարածման և խտրականության և բռնության քաղաքականությունը մեղմացնելու նպատակով հիմնադրվել է «Կրոնական բազմազանության ուսումնասիրությունների ինստիտուտ», իսկ 2020թ. ստեղծվեց լրագրության աջակցության կենտրոն՝ միևնույն նպատակներն իրականացնելու նպատակով:
Շարունակելով այս մոտեցումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթը» շեշտում է Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման կարևորությունը և դաշնային խորհրդարանի կողմից ատելության խոսքի քրեականացման համար օրինագիծ հրապարակելու անհրաժեշտությունը:
«ՄԱՍԱՐԱԹ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ